23/12/2020 13:21
ԼՂՀ-ն խնդրել է Ռուսաստանին օգնել փախստականների հետպատերազմյան վերաբնակեցման հարցում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները դիմել են Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով աջակցել փախստականների հետպատերազմյան վերաբնակեցման խնդրի լուծմանը, Մոսկվան արդեն հատկացրել է օգնության մի մասը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ինչպես նշել է պաշտոնյան՝ տարածաշրջանում վերջին զինված բախումների ընթացքում ղարաբաղցի շուրջ 35-45 հազար բնակիչ կորցրել է տունը: Այս թիվը ներառում է ինչպես նրանց, ում տներն ավերվել են հրետակոծության հետևանքով, այնպես էլ նրանց, ում բնակավայրերը եղել են տարածքներում, որոնք համատեղ հայտարարության պայմաններով փոխանցվել են Ադրբեջանին:
«Այս մարդկանց մեծ մասն այսօր Հայաստանում է: Իհարկե, նրանց վերադարձնելու համար մենք պետք է առնվազն կյանքի նվազագույն պայմաններ ապահովենք: Կառավարության համար սա գերակա խնդիր է: Վերադարձողների համար մենք շտապ կարգով տրամադրում ենք ժամանակավոր կացարան: Կօգտագործենք երկրորդական ֆոնդը, հյուրանոցները, հասարակական շենքերը», - ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով ՝ ԼՂՀ իշխանությունները «օգնության համար դիմել են նաև Ռուսաստանի կառավարությանը»:
«Այսօր այս հարցը քննարկվում է: Օգնության մի մասն արդեն ցուցաբերվել է. դրանք շինանյութեր են և առաջին անհրաժեշտության իրեր, ինչպիսիք են ծածկոցները և այլն», - հայտնել է պաշտոնյան: