27/01/2021 12:42
ՊԵԿ-ն առաջարկում է ապրիլի 19-ը նշել որպես հարկ վճարողի օր
Կառավարության այսօրվա նիստին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:
Ըստ նրա՝ հարկ վճարողի դիմումի հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրվելու և տրամադրվելու է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախախագծով հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ:
Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացրած մեկ այլ նախագծով նախատեսվում է ունենալ հարկ վճարողի օր: Հաշվի առնելով, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են հարկային համակարգը և վերջինիս սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն են զգացել, որը արտահայտվում էր կարգապահոության առավել բարձր աստիճանով, ինչը կարևոր է:
«Ցանկացած պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում տնտեսական գործունեություն ծավալելու ինչ հնարավորություններ ունեն, ինչ արդյունք են գեներացնում և ինչպես են հարկային պարտավորությունները կատարվում: Հարկային կարգապահությունը բարելավվելը ռազմավարական խնդիր է և առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան ունենալ և հարմարավետ պայմաններ ստեղծլ», - ասաց նա: