29/01/2021 18:22
Պատերազմի բժիշկները. Տարոն Տոնոյան. Պետք է ամբողջ ազգն ապրի Շուշին ու Քարվաճառը հետ բերելու երազանքով (Տեսանյութ)
Շատ դաժան էր պատերազմը. արցախյան երեք պատերազմներին (1991-1994, 2016-ի Ապրիլյան քառօրյա, 2020 սեպտեմբեր-նոյեմբեր) մասնակցած բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանն է ասում։
Բժիշկը պատերազմի առաջին օրից Արցախում է եղել. վիրահատել ու փրկել հարյուրավոր կյանքեր։
Ասում է՝ կային զինվորներ, հրամանատարներ, ովքեր շտապեցնում էին բժիշկներին, որ գործն արագ ավարտեն ու նորից հետ գնան առաջնագիծ. տղերքը մենակ էին, բայց եղել են նաև դեպքեր, երբ թեթև վիրավորումով իջել են դիրքերից. Արցախյան առաջին պատերազմում չի եղել նման բան։
«Պատերազմը շատ դաժան էր, մի փոքր վախի գործոնը կար, բոլորն այն ոգևորությամբ հետ չէին վերադառնում դիրքեր, պետք է ճիշտ խոսենք», - ասում է բժիշկը։
Կյանքեր փրկելու հետ մեկտեղ, բժիշկ Տոնոյանը պատմում է՝ եղել են նաև տխուր դեպքեր. Առաջաձոր գյուղից երկու եղբայր էին բերել. մեկը վիրահատական սեղանին մահացել է, մյուս եղբոր կյանքը հաջողվել է փրկել։
Հիշում է՝ զինվորներից մեկն ասել է՝ «ես եկա, բա էն մեր երեխեքը մնացին դիրքերում, էսքան զոհ ունենք, կկարողանա՞ն դիրքերը պահել»:
«Դա պատմում է վիրահատարան տանելու ճանապարհին։ Վաշտի հրամանատարն էլ ասում էր՝ վեց տղա մնացին, վեցից չորսը մինուճար են», - պատմում է բժիշկ Տոնոյանը։
Ասում է՝ երբ հայտարարվեց, որ զինադադար է, շատ են ուրախացել, բայց երբ ծանոթացել են ստորագրված փաստաթղթին... «Նստեցի մեքենան ու եկա Հայաստան։ Դժվար եմ տարել այդ ամենը», - ասում է նա։
Տարոն Տոնոյանը պնդում է՝ երեկ պետք է նշվեր Բանակի օրը. մեր ժողովրդին ոգևորել է պետք, բանակին ոգևորել է պետք, սպային ու զինվորին հարգել է պետք։
Բժիշկ-ազատամարտիկը վստահ է՝ գալու է մի օր, որ Շուշին, Քարվաճառն ու մնացյալ տարածքները կրկին մերն է լինելու։
«Ամբողջ հայ ազգը պետք է ապրի այդ երազանքով, այդ նպատակով: Ես տեսնում եմ դա, մենք այդ հնարավորությունն ունենք», - նշում է Տարոն Տոնոյանը։