13/03/2021 12:41
ՄԻՊ ֆինանսավորման վերաբերյալ կառավարության՝ հակասահմանադրական նախագիծն ընդունվելու դեպքում անմիջապես դիմելու եմ ՍԴ. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համոզված է՝ ՄԻՊ աշխատակազմի տարեկան բյուջեի կրճատումը հակասահմանադրական նախագիծ է։
«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է։ Նախագիծն ընդունվելու դեպքում անմիջապես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը, ավելին՝ միանգամից միջնորդելու եմ կասեցնել այս դրույթի գործողությունը, որովհետև դա խնդիրներ է առաջացնելու երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Կառավարության այդ քայլն, ըստ Թաթոյանի, ՄԻՊ կառույցի էությունը չգիտակցելու արդյունք է։
«Սա խտրական որոշում է, այն հանգեցնելու է մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը սահմանափակելուն, անկախությունը վերացնելուն։ Որքան ուժեղ է ՄԻՊ հաստատությունը, այնքան բարձր է երկրում ժողովրդավարության աստիճանը», - ասաց պաշտպանը։
Հիշեցնենք՝ կառավարությունը նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկվում է նվազեցնել ՄԻՊ տարեկան ֆինասավորումը։