01/07/2021 13:05
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Նյու Ջերսիի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը
ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։
Նախարարությունից նշում են, որ նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ։
«Փաստաթուղթը հանդիսանում է բարոյականության, մարդասիրության և քաղաքական ազնվության օրինակելի դրսևորում. արժեքներ, որոնք տևական և կայուն խաղաղության կարևորագույն գրավականներն են։
Երախտագիտություն ենք հայտնում Նյու Ջերսի նահանգի հանրությանը, օրենսդիր մարմնին, Սփյուռքի կառույցներին և ամերիկահայ համայնքին՝ արդարության համար մղվող պայքարում ցուցաբերած նվիրվածության ու վճռականության համար», - նշված է Արցախի ԱԳՆ-ի հաղորդագրության տեքստում։