04/09/2021 14:43
Խաղողագործները բացել են ճանապարհը. նրանց խոստացել են մինչև չորեքշաբթի կարգավորել մթերման ցածր գնի հարցը. Փոքր Վեդու համայնքապետ
Այսօր առավոտյան բողոքի ակցիա իրականացրած մի քանի գյուղի խաղողագործները բացել են ճանապարհը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փոքր Վեդու համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը։
Հարցին՝ արդյոք կառավարությունից որևէ պաշտոնյա հանդիպել է գյուղացիներին, ինչպես նրանք ավելի վաղ պահանջում էին, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց։
«Խաղողագործներին հանդիպել է Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Հայկազ Տերտերյանը։ Նա տեղում հեռախոսազրույց է ունեցել մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ։ Վերջինս հավաստիացրել է, որ չորեքշաբթի օրը խաղողի մթերման, սակագնի հետ կապված հարցերը կկարգավորվեն», - ասաց նա։
Նորիկ Մարտիրոսյանը չկարողացավ հստակ նշել՝ արդյոք մարզպետը գյուղացիներին կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում է խոստացել, որ վերջիններս համաձայնել են բացել փակ ճանապարհը։
«Չեմ կարող ասել՝ կառավարությունո՞ւմ հանդիպում կլինի, թե մարզպետն ինքն այնտեղ կգնա, հետո կգա և կհանդիպի խաղողագործներին։ Ամեն դեպքում, որպես ժամկետ նշվել է չորեքշաբթի օրը», - ասաց Փոքր Վեդու համայնքապետը։
Նորիկ Մարտիրոսյանը նշեց, որ գյուղացիների բողոքի պատճառը խաղողի մթերման ցածր գինն է՝ կիլոգրամի դիմաց ընդամենը110 դրամ։ Ընդ որում, Փոքր Վեդու մթերման գործարանն այս պահին չի աշխատում, գյուղացիները ստիպված են իրենց մշակած բերքը տանել Արտաշատ, Պռոշյան և Արմաշ։