09/06/2022 20:27
Այստեղ եմ, քանի որ վտանգված է իմ հայրենիքը․ ով փորձի դրա մեկ մասնիկը տալ ուրիշին, նրան դեմ ենք կանգնելու Սփյուռքում․ Լոս-Անջելեսից Հայաստան եկած սփյուռքահայ (Տեսանյութ)
Ես եկել եմ տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից՝ լինելու ձեր կողքին։ Մասնակցում եմ հանրահավաքներին, ձեզ հետ միասին քայլերթի եմ դուրս գալիս, ու իմ ձայնը, որը նաև Լոս-Անջելեսի իմ ընկերների, բարեկամների, համախոհների ձայնն է, միացնում եմ ձեր ձայնին՝ պահանջելով այս ապիկար իշխանությունների հեռացումը, պահանջելով առանց Նիկոլ՝ Հայաստան, առանց թուրքի՝ Հայաստան, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Լոս-Անջելեսից Հայաստան եկած և համազգային պայքարին միացած սփյուռքահայ Ռոբերտ Մարգարյանը։
Պայքարին միանալ ինձ ստիպել են իմ խիղճը, տրամաբանությունը, դատողությունը, նշեց նա։ Ռոբերտ Մարգարյանը նաև ընդգծեց՝ հայրենիքը վտանգված է, իսկ այդ հայրենիքը բոլոր հայերինն է՝ որտեղ էլ նրանք ապրելիս լինեն։
«Ես այստեղ չէի լինի, եթե դուք հրապարակ դուրս եկած լինեիք՝ սոցիալ-տնտեսական ինչ-որ խնդիրների պատճառով։ Ես այստեղ եմ, քանի որ վտանգված է հայրենիքը։ Իսկ այդ հայրենիքը միայն ձերը չէ, այդ հայրենիքը նաև իմն է, ինչպես նաև բոլոր սփյուռքահայերինը, ովքեր ապրում են աշխարհի տարբեր կետերում։ Նրանցից յուրաքանչյուրը հայ ժողովրդի մասնիկն է և ունի հայ ժողովրդի քաղաքացիություն։ Մեզ համար հայրենիքն սկսվում է Արցախով, հասնում այստեղ, շարունակվում մինչև Արևմտյան Հայաստան։ Ով փորձի դրանից մեկ մասնիկը խլել, տալ ուրիշին, նրան դեմ ենք կանգնելու Սփյուռքում։ Սփյուռքն ունի իր կարմիր գծերը, և որևէ մեկն իրավունք չունի հատել դրանք»,- ասաց Ռոբերտ Մարգարյանը։