14/10/2022 13:21
Ռուսաստանում Ալեն Սիմոնյանից պատասխաններ են պահանջել՝ ինչու է իր հարցազրույցներում քննադատել ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, խոսվել է նաև Արցախի մասին:
«ՌԴ-ում իմ բոլոր հանդիպումներում եղել է իրավիճակը ներկայացնելու և դրա արձագանքի ակնկալիքի իմ սպասումները, ես ավելի շատ սպասել եմ, որ մենք հասկանանք՝ ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում ու արդյո՞ք Ռուսաստանը կատարվելիքը ճիշտ է ընկալում, պատրաստվո՞ւմ է որևէ գործողություն անել: Արցախի մասին նույնպես խոսակցություն է եղել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Նա նշեց, թե Ռուսաստանից ասել են՝ կակտիվանան:
Ալեն Սիմոնյանն ասաց, թե Ռուսաստանում հաճախ ավելի շատ կենտրոնանում են, թե ինքը ինչ հարցազրույց է տվել ու ինչու է քննադատել:
«Ներողություն եմ խնդրում, ես դրա պատասխանները մեկից շատ ավելի ունեմ, ներկայացրել եմ, ես այստեղ էլ կարող եմ կրկնել, որ մենք սպասում ենք ու ակնկալում ենք ավելի լայն ներգրավվածություն Ռուսաստանի կողմից», - ասաց ԱԺ նախագահը:
Սիմոնյանն նշեց, թե Հայաստանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը:
«Կան տարբեր խոսակցություններ, թե ինչ ֆորմատներ է առաջարկում Ռուսաստանը, մենք բոլոր այդ ֆորմատներին մեր համաձայնությունը տվել ենք, Ադրբեջանն է, որ, օրինակ, ՌԴ խաղաղապահների մանդատը մինչ օրս Արցախում չի ստորագրել», - նշեց նա:
Սիմոնյանն ասաց, թե Ռուսաստանում խոսակցություն է եղել, ասել են, որ քննադատել են ՀԱՊԿ-ին, ինքն էլ արձագանքել է՝ այո, ՀԱՊԿ-ից ավելի կտրուկ գործողություններ են սպասում:
«Ասել եմ ՝ մենք մտահոգություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը, արդյոք մտահոգությունը ճի՞շտ է, թե՞ ոչ», - ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը: