Այսօրվա ամենամեծ խնդիրը հավասարության բացակայությունն ու կարեկցանքի պակասն է. Մարիամ Խաչատրյան (Ֆոտոշարք)
21/10/2025 14:40

Այսօրվա ամենամեծ խնդիրը հավասարության բացակայությունն ու կարեկցանքի պակասն է. Մարիամ Խաչատրյան (Ֆոտոշարք)

Սիրելի ընթերցող, արդեն շուրջ երեք տասնամյակ մեր մշակութային կյանքի ամենագեղեցիկ երևույթներից է ամենամյա «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ հայուհիներ, ապա միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացրել մեր երկիրը՝ հայուհու կերպարը, նրա հոգևոր և մտավոր բարեմասնությունները, գեղագիտական բարձր ճաշակը և մեր մշակույթը ընդհանրապես: Այս տարին էլ բացառություն չէր. ամռանը տեղի ունեցավ «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը: 

««Միսս Հայաստան-2025»՝ ազգայինի ու գեղեցիկի ներդաշնակություն» խորագրի ներքո ներկայացնում ենք հարցազրույցների շարք, որտեղ մեր գեղեցկուհիները պատմում են իրենց հետաքրքրությունների, նվիրական իղձերի ու ապագայի ծրագրերի մասին։

Մեր երկրի լավագույն և տաղանդավոր լուսանկարիչներից են Հայկ Նազարեթյանը և Տարոն Եսայանը, որոնք մեր հայուհիների ներաշխարհը բացահայտող ֆոտոշարքը ստեղծել են «Ագուլեցի» տուն-թանգարանում՝ 1-ին «Վիցե Միսս» Մարիամ Խաչատրյանի, 3-րդ «Վիցե Միսս» Մարիաննա Վարդապետյանի, 4-րդ «Վիցե Միսս» Դիանա Հակոբյանի և լավագույն տասնյակի մեջ մտած Միլենա Հակոբյանի մասնակցությամբ:

Լուսանկարներում նրանք ազգային տարազներով են: Տարազների և զարդեղենի խորհրդատուն և ձևավորողն է դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ֆոտոսեսսիայի և հարցազրույցի կազմակերպիչը արտիստ, պրոդյուսեր Արմեն Մուրադյանն է: Գլխավոր պրոդյուսեր՝ «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթի նախագահ Մամիկոն Դանիելյան: Հարցազրույցները տեղի են ունեցել «Ագուլեցի» արտ-սրճարանում:

Aysor.am-ի զրուցակիցն է 1-ին «Վիցե Միսս» Մարիամ Խաչատրյանը

- Մարիամ, կպատմե՞ք Ձեր մասին։

- Ես Մարիամ Խաչատրյանն եմ: Ծնվել եմ Վանաձոր քաղաքում: Ես ինձ նկարագրում եմ որպես մի աղջիկ, ով հավատում է իր երազանքներին և քայլ առ քայլ գնում է դրանց իրականացմանը։ Մանկուց հավատացել եմ, որ գեղեցկությունը միայն արտաքինով չի սահմանափակվում․ այն ամբողջական է, երբ համադրվում է արժեքների և անձնային ուժի հետ։

- Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել 2025 թվականի «Միսս Հայաստան» մրցույթին։

- Այս որոշումը միայն անձնական քայլ չէր։ Ցանկացա օրինակ լինել երիտասարդ աղջիկների համար՝ ցույց տալով, որ երազանքների հետևից գնալը պահանջում է միայն վստահություն։ «Միսս Հայաստանը» ինձ համար թագից ավելին է․ այն հարթակ է, որտեղ կանայք սովորում են իրենց արժեքներով փայլել։

- Ձեր ընտանիքում կա՞ն արվեստով զբաղվողներ։

- Այո՛։ Իմ ընտանիքում եղել են մարդիկ, ովքեր կապված են եղել արվեստի հետ, ոմանք՝ երաժշտությամբ, ոմանք՝ գրականությամբ։ Մանկուց տեսել եմ, որ արվեստը մեզ համար պարզապես զբաղմունք չէ, այլ՝ ապրելակերպ։

- Եթե որևէ միջազգային հարթակում հնարավորություն ունենայիք ներկայացնել Հայաստանը, ո՞ր արժեքներն եք ցանկանալու ներկայացնել։

- Ես կներկայացնեի մեր մշակութային ժառանգությունը, ընտանիքի արժեքները և կանանց ուժը։ Հայաստանը փոքր երկիր է, բայց՝ մեծ սրտով։ Մեր արժեքները խաղաղությունը, հանդուրժողականությունը և միասնականություն են, որոնք ես կցանկանայի կիսել աշխարհին։

- Մարիամ, եթե ընդամենը երեք բառով պետք է բնութագրեք Ձեզ, որո՞նք կլինեին այդ բառերը։

-Ես ինձ կբնութագրեի հետևյալ բառերով՝ 

Քաջ (քանի որ չեմ վախենում արգելքներից)
Զգայուն (քանի որ կարողանում եմ զգալ մարդկանց ուրախությունն ու ցավը)
Ոգեշնչող (Քանի որ սիրում եմ իմ ճանապարհով ոգեշնչել ուրիշներին):

- Ձեզ համար ավելի կարևորն արտաքին գեղեցկությո՞ւնն է, թե՞ ներքին աշխարհը։

- Արտաքին գեղեցկությունը դուռ է, բայց իսկական գանձը թաքնված է ներքին աշխարհում։ Ես հավատում եմ, որ իրական գեղեցկությունը այն մարդկանց մեջ է, ովքեր ներդաշնակություն են ստեղծում արտաքինի ու ներքինի միջև։

- Ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ եք տեսնում ժամանակակից աշխարհում։

- Այսօրվա ամենամեծ խնդիրը հավասարության բացակայությունն ու կարեկցանքի պակասն է։ Եթե միջազգային ամբիոնում խոսելու հնարավորություն ունենայի, կբարձրաձայնեի երիտասարդների կրթության իրավունքի, կանանց ներկայացվածության և բնության պահպանության մասին:

- Ինչպե՞ս կարելի է ոգեշնչել երիտասարդ աղջիկներին։

- Ես նրանց կցանկանայի ասել. «Մի՛ համեմատեք ձեզ ուրիշների հետ, գտե՛ք ձեր սեփական լույսը»: Ինքնավստահությունը ներսից է ծնվում։ Մենք պետք է օգնենք, որ աղջիկները տեսնեն իրենց ներքին լույսը:

- Ովքե՞ր են այն կինոդերասանուհիները, որոնց ֆիլմերը սիրում եք։ 

- Ես սիրում եմ դիտել դերասանուհիների, ովքեր ոչ միայն գեղեցիկ են, այլև՝ ուժեղ։ Օրինակ, Անջելինա Ջոլին՝ իր մարդասիրությամբ, Նատալի Պորտմանը՝ իր խաղային խորությամբ, և Էմմա Ուոթսոնը՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ ինձ շատ է ոգեշնչում: 

- Սիրու՞մ եք երաժշտություն։ Ո՞ր ժանրերն եք նախընտրում։

- Այո՛։ Երաժշտությունը իմ կյանքի կարևոր մասն է։ Ամենաշատը լսում եմ ռեփ և փոփ։ Ռեփի մեջ սիրում եմ անկեղծությունը ու ազատ արտահայտվելու ուժը, իսկ փոփը տալիս է էներգիա ու համաշխարհային միավորող ուժ:

- Եթե գույն լինեիք, ո՞ր գույնը կլինեիք։

- Ես կլինեի կապույտ։ Որովհետև կապույտը երկինք ու ծով է ՝ազատություն, հավերժություն ու խաղաղություն։ Այն մարդկանց վստահություն է տալիս ու խորություն արտահայտում։

- Եթե համաշխարհային նորաձևության մեջ հաջողության հասնեիք, ինչպե՞ս կօգտագործեիք Ձեր դիրքը։

- Ես կօգտագործեի այդ հարթակը՝ աշխարհին ցույց տալու մեր ազգային մշակույթը։ Միջազգային պոդիումներում կցանկանայի ներկայացնել հայկական ավանդական նախշերը և զարդերը՝ համադրելով ժամանակակից դիզայնի հետ։

- Որո՞նք են այն երկրները, որտեղ եղել եք։

- Այո՛, ճանապարհորդելն ինձ շատ բան է սովորեցրել։ Ես եղել եմ Մալդիվներում, Դուբայում, Մոսկվայում, Եգիպտոսում, Իտալիայում և Վրաստանում։

Յուրաքանչյուր երկիր ինձ յուրահատուկ արժեք է տվել․ Մալդիվները՝ բնության պարզ գեղեցկություն, Իտալիան՝ արվեստ ու պատմություն, Եգիպտոսը՝ հնագույն քաղաքակրթություն, Դուբայը՝ ժամանակակից զարգացում, Վրաստանը՝ ջերմ հյուրընկալություն։

- Ո՞ր վանքերն եք սիրում այցելել։

- Ես սիրում եմ այցելել Էջմիածնի և Խոր Վիրապի վանքերը։ Այդ վայրերի լռությունն ու հոգևոր ուժը ինձ խաղաղություն են տալիս և հիշեցնում են, որ մենք հզոր ժողովուրդ ենք՝ խորը արմատներով։

- Կմասնակցե՞ք նորից գեղեցկության մրցույթի։

- Իհարկե, «Միսս Հայաստանը» ինձ տվեց ինքնավստահություն, պատասխանատվություն և առաջնորդ լինելու փորձ։ Դա միայն թագ չէր, այլ կյանքի կարևոր դաս։

- Մարիամ, ինչպիսի՞ աշխարհում կցանկանայիք ապրել։

- Ես կցանկանայի ապրել աշխարհում, որտեղ տարբերությունները բաժանարար չեն, այլ հարստություն։ Աշխարհում, որտեղ չկան, անարդարություն ու պատերազմ։ Իրական քաղաքակրթությունը տեխնոլոգիաներով չէ չափվում, այլ՝ մարդու սրտով ու արդարությամբ։

- Ո՞ր ազգային ավանդույթն է Ձեզ համար ամենաթանկը։

- Ինձ համար ամենաթանկ ավանդույթը ընտանիքի արժեքն է։ Հայկական մշակույթում ընտանիքը սիրո, համերաշխության և նվիրվածության խորհրդանիշ է։ Եթե մենք պահպանում ենք ընտանիքի ուժը, ապա պահպանում ենք նաև ազգի ուժը։

- Կյանքում եղե՞լ են դեպքեր, որից հետո հավատացել եք հրաշքներին։

-Այո՛։ Ես ունեցել եմ պահեր, երբ կարծես ճակատագիրն է ինձ ուղի ցույց տվել։ Երբեմն մեկ բառ կամ անսպասելի դեպք ինձ հիշեցրել է․ «Հրաշքներ գոյություն ունեն, և եթե հավատում ես, դրանք իրականանում են»։

- Երեխա ժամանակ ի՞նչ հեքիաթներ էիք սիրում։

- Ես շատ եմ սիրել Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները։ Դրանք սովորեցնում էին, որ բարությունն ու արդարությունը միշտ հաղթում են։ Այդ հեքիաթները մանկուց ինձ հուշեցին՝ որքան  էլ դժվար լինի կյանքը, վերջում  միշտ կա լույսը ։

- Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում։

- Իմ ամենամեծ նպատակը ոչ միայն անձնական հաջողություններն են, այլ նաև  ճանապարհ բացելը ուրիշների հաջողությունների համար։ Ցանկանում եմ երիտասարդ աղջիկներին ոգեշնչել, աջակցել նրանց ինքնավստահությամբ քայլել իրենց ճանապարհով: Բացի այդ՝ ցանկանում եմ արվեստի, մշակույթի և կրթության ոլորտում ծրագրեր իրականացնել, որպեսզի  Հայաստանը ավելի ուժեղ ու ճանաչված լինի աշխարհում։

Զրույցը վարեց՝ Հասմիկ Պողոսյանը

Այսօրվա ամենամեծ խնդիրը հավասարության բացակայությունն ու կարեկցանքի պակասն է. Մարիամ Խաչատրյան (Ֆոտոշարք)