Մեր եկեղեցիները ոչ միայն հոգևոր կառույցներ են, այլև ազգային ոգու պահապաններ. Դիանա Հակոբյան (Ֆոտոշարք)
22/10/2025 14:00

Մեր եկեղեցիները ոչ միայն հոգևոր կառույցներ են, այլև ազգային ոգու պահապաններ. Դիանա Հակոբյան (Ֆոտոշարք)

Սիրելի ընթերցող, արդեն շուրջ երեք տասնամյակ մեր մշակութային կյանքի ամենագեղեցիկ երևույթներից է ամենամյա «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ հայուհիներ, ապա միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացրել մեր երկիրը՝ հայուհու կերպարը, նրա հոգևոր և մտավոր բարեմասնությունները, գեղագիտական բարձր ճաշակը և մեր մշակույթը ընդհանրապես: Այս տարին էլ բացառություն չէր. ամռանը տեղի ունեցավ «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը: 

««Միսս Հայաստան-2025»՝ ազգայինի ու գեղեցիկի ներդաշնակություն» խորագրի ներքո ներկայացնում ենք հարցազրույցների շարք, որտեղ մեր գեղեցկուհիները պատմում են իրենց հետաքրքրությունների, նվիրական իղձերի ու ապագայի ծրագրերի մասին։

Մեր երկրի լավագույն և տաղանդավոր լուսանկարիչներից են Հայկ Նազարեթյանը և Տարոն Եսայանը, որոնք մեր հայուհիների ներաշխարհը բացահայտող ֆոտոշարքը ստեղծել են «Ագուլեցի» տուն-թանգարանում՝ 1-ին «Վիցե Միսս» Մարիամ Խաչատրյանի, 3-րդ «Վիցե Միսս» Մարիաննա Վարդապետյանի, 4-րդ «Վիցե Միսս» Դիանա Հակոբյանի և լավագույն տասնյակի մեջ մտած Միլենա Հակոբյանի մասնակցությամբ:

Լուսանկարներում նրանք ազգային տարազներով են: Տարազների և զարդեղենի խորհրդատուն և ձևավորողն է դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ֆոտոսեսսիայի և հարցազրույցի կազմակերպիչը արտիստ, պրոդյուսեր Արմեն Մուրադյանն է: Գլխավոր պրոդյուսեր՝ «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթի նախագահ Մամիկոն Դանիելյան: Հարցազրույցները տեղի են ունեցել «Ագուլեցի» արտ-սրճարանում:

Aysor.am-ի զրուցակիցն է 4-րդ «Վիցե Միսս» Դիանա Հակոբյանը

- Դիանա, կպատմե՞ք Ձեր մասին…

- Ես Հակոբյան Դիանան եմ: Ծնվել եմ 2005 թվականին՝ Երևանում։ Սովորում եմ Երևանի Պետական համալսարանի անգլերեն-իսպաներեն հաղորդակցություն բաժնի 3-րդ կուրսում։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր և ֆուտբոլ դիտել ու գրքեր կարդալ։

- Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել 2025 թվականի «Միսս Հայաստան» մրցույթին։

- Միշտ երազել եմ մասնակցել գեղեցկության մրցույթի, բայց երկար ժամանակ վախենում էի։ Երբ սոցիալական հարթակներում հանդիպեցի քաստինգի հայտարարությանը, հասկացա, որ պետք չէ միայն երազել… պետք է գործե՛լ և փորձել՝ անկախ արդյունքից։ Այդպես էլ որոշեցի ուղարկել հայտս։

- Փոքր ժամանակ ի՞նչ ստեղծագործական խմբակների եք հաճախել...

- Մանկության տարիներին հաճախել եմ նկարչության, դաշնամուրի, պարի և լողի։ Ավելի ուշ զբաղվել եմ մարզասրահով և սիրողական քիք-բոքսինգով։

- Ո՞րն է այն արժեհամակարգը, որ կուզենաք ներկայացնել բեմում, երբ որևէ հարթակում Հայաստանը ներկայացնելիս լինեք։

 - Ինձ համար ամենամեծ արժեքներն են ընտանիքը, հավատը, բարությունը և մշակույթը։ Հայկական արժեհամակարգը հազարամյակների պատմության մեջ միշտ պահպանել է մեր ինքնությունը և ոգին։ Կուզեի աշխարհին ներկայացնել այն Հայաստանը, որը հզոր է իր հավատով, ստեղծագործությամբ ու միասնականությամբ։

- Դիանա, եթե ընդամենը երեք բառով բնութագրեիք Ձեզ, ապա որո՞նք կլինեին այդ բառերը։

- Հանդուրժող, բարի, դրական։

- Մեր ժամանակների հարափոփոխ աշխարհում մարդիկ տուրք են տալիս միայն արտաքինին, երբեմն նույնիսկ մակերեսային արժեքներին։ Ձեզ համար մարդու արտաքի՞ն գեղեցկությունն է առաջնային, թե ներքին աշխարհը։

- Իհարկե արտաքին գեղեցկությունը կարևոր է, սակայն այն անցողիկ է։ Իմ համոզմամբ, մարդու իրական հմայքը գալիս է նրա ներքին աշխարհից՝ ազնվությունից, բարյացակամությունից և հոգու լույսից։ Եթե ներքնապես մարդը գեղեցիկ է, այդ լույսը անպայման արտացոլվում է նաև արտաքինում։

- Ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ եք տեսնում ժամանակակից աշխարհում։ Հատկապես որո՞նց մասին կուզենայիք բարձրաձայնել, եթե հնարավորություն ունենայիք ելույթ ունենալ որևէ միջազգային ամբիոնում։

- Ժամանակակից աշխարհում մարդիկ հաճախ կորցնում են իրենց իսկական «ես»-ը՝ համացանցի և հասարակական կարծիքի ճնշման տակ։ Ամենամեծ մարտահրավերը ես տեսնում եմ ինքնության պահպանումը, ինչպես նաև համընդհանուր հանդուրժողականության ու խաղաղության կարևորությունը։ Եթե հնարավորություն ունենայի միջազգային ամբիոնում ելույթ ունենալու, կխոսեի հենց ինքնաճանաչման ու խաղաղ համակեցության մասին։

- Մեր ժամանակներում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են աղջիկները իրենց արտաքինը ենթարկում տարբեր միջամտությունների։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին։ Արդյո՞ք Դուք էլ որևէ բան կփոխեիք Ձեր արտաքինում։

- Իմ կարծիքով, ամեն բան գեղեցիկ է, երբ կա հավասարակշռություն։ Եթե մարդը որոշում է փոքր փոփոխություն անել իր արտաքինում, որպեսզի իրեն ավելի վստահ ու երջանիկ զգա, դա բնական է։ Բայց երբ միջամտությունները չափից շատ են ու մարդիկ սկսում են կորցնել իրենց անհատականությունը, դա ինձ համար ընդունելի չէ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի գեղեցկությունն իր յուրահատկության մեջ է, և ինքս չէի ցանկանա որևէ բան փոխել իմ արտաքինում։

- Ինչպե՞ս կարելի է ոգեշնչել երիտասարդ աղջիկներին, որ լինեն ավելի ինքնավստահ ու ավելի լավ ճանաչեն իրենց ներքին աշխարհը։

- Երիտասարդ աղջիկներին կուզեի ոգեշնչել չտրվել համացանցային «իդեալներին» և մնալ իրենց յուրահատուկ գեղեցկությամբ։ Չպետք է համեմատվեն որևէ մեկի հետ. կարևոր է սիրեք ինքներդ ձեզ, և այդ սերը կվերադառնա ուրիշներից։

- Հայտնի ֆիլմի կամ գրականության հերոսուհի, որին ինքներդ կուզենայիք խաղալ կինոյում...

- Շատ եմ սիրում «Հարրի Փոթեր» ֆիլմը և կուզեի մարմնավորել Հերմիոնա Գրեյնջերին։

- Հատկապես ո՞ր հայտնի կինոդերասանուհու մասնակցությամբ ֆիլմերն եք սիրում դիտել...

- Սիրում եմ Ջենիֆեր Անիսթոնի դերասանական խաղը և նրա կերպարները։

- Սիրու՞մ եք երաժշտություն լսել։ Հատկապես ո՞ր ժանրերի ստեղծագործություններն եք նախընտրում։

- Երաժշտությունը մեծ դեր ունի իմ կյանքում։ Սիրում եմ ամերիկյան փոփ, ռեփ, իսպանական ռեգետոն և ռուսական փոփ։ Երաժշտությունը ինձ հանգստացնում է և լիցքավորում։

- Եթե գույն լինեիք, ապա ո՞ր գույնը կլինեիք և ինչու՞...

- Կլինեի սև գույնը, որովհետև սևը խորհրդանշում է խորություն, ուժ և էլեգանտություն։ Այն համադրում է և՛ դասականություն, և՛ արդիականություն… և ինձ շատ է մոտ այդ հավասարակշռությունը։

- Հասցրե՞լ եք ճամփորդել։ Ո՞ր երկրներում ու քաղաքներում եք եղել։

- Այո, որոշ չափով հասցրել եմ ճամփորդել, բայց նպատակ ունեմ բացահայտել ամբողջ աշխարհը։ Եղել եմ Իտալիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում և Վրաստանում։

- Մեր ազգային արժեքներից մեկն էլ Հայոց եկեղեցին է։ Հատկապես ո՞ր վանքերն ու եկեղեցիներն եք սիրում այցելել։ Կարո՞ղ եք նկարագրել, թե ի՞նչ էներգետիկա եք ստանում այդ վանքերից ու եկեղեցիներից։

- Մեր եկեղեցիները ոչ միայն հոգևոր կառույցներ են, այլև ազգային ոգու պահապաններ։ Երբ այցելում եմ վանքեր ու եկեղեցիներ, միշտ ստանում եմ ներքին խաղաղություն և ուժ, կարծես դրանք լցնում են հավատով ու հույսով։ Կառանձնացնեմ Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծին վանքը և Սուրբ Սարգիս եկեղեցին, քանի որ այնտեղ եմ կնքվել։ Այդ վայրը ինձ համար ունի հատուկ խորհուրդ և կապվածություն, և ամեն այցիս ժամանակ ես զգում եմ անսահման խաղաղություն ու հոգևոր ուժ։

- Դիանա, նորից կմասնակցեի՞ք որևէ գեղեցկության մրցույթի։ Ի՞նչ տվեց Ձեզ «Միսս Հայաստանը»: 

- Այո, կուզեմ ուժերս փորձել նաև այլ մրցույթներում։ «Միսս Հայաստանը» ինձ տվեց վստահություն, հավատ ինքս իմ նկատմամբ և պատասխանատվության զգացում։

Զրույցը վարեց՝ Հասմիկ Պողոսյանը

Մեր եկեղեցիները ոչ միայն հոգևոր կառույցներ են, այլև ազգային ոգու պահապաններ. Դիանա Հակոբյան (Ֆոտոշարք)