.jpg)
Որպես խնդիր՝ տեսնում եմ անտարբերությունը, ուզում եմ խոսել մարդասիրության մասին. Միլենա Հակոբյանը (Ֆոտոշարք)
Սիրելի ընթերցող, արդեն շուրջ երեք տասնամյակ մեր մշակութային կյանքի ամենագեղեցիկ երևույթներից է ամենամյա «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ հայուհիներ, ապա միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացրել մեր երկիրը՝ հայուհու կերպարը, նրա հոգևոր և մտավոր բարեմասնությունները, գեղագիտական բարձր ճաշակը և մեր մշակույթը ընդհանրապես: Այս տարին էլ բացառություն չէր. ամռանը տեղի ունեցավ «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը:
««Միսս Հայաստան-2025»՝ ազգայինի ու գեղեցիկի ներդաշնակություն» խորագրի ներքո ներկայացնում ենք հարցազրույցների շարք, որտեղ մեր գեղեցկուհիները պատմում են իրենց հետաքրքրությունների, նվիրական իղձերի ու ապագայի ծրագրերի մասին։
Մեր երկրի լավագույն և տաղանդավոր լուսանկարիչներից են Հայկ Նազարեթյանը և Տարոն Եսայանը, որոնք մեր հայուհիների ներաշխարհը բացահայտող ֆոտոշարքը ստեղծել են «Ագուլեցի» տուն-թանգարանում՝ 1-ին «Վիցե Միսս» Մարիամ Խաչատրյանի, 3-րդ «Վիցե Միսս» Մարիաննա Վարդապետյանի, 4-րդ «Վիցե Միսս» Դիանա Հակոբյանի և լավագույն տասնյակի մեջ մտած Միլենա Հակոբյանի մասնակցությամբ:
Լուսանկարներում նրանք ազգային տարազներով են: Տարազների և զարդեղենի խորհրդատուն և ձևավորողն է դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ֆոտոսեսսիայի և հարցազրույցի կազմակերպիչը արտիստ, պրոդյուսեր Արմեն Մուրադյանն է: Գլխավոր պրոդյուսեր՝ «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթի նախագահ Մամիկոն Դանիելյան: Հարցազրույցները տեղի են ունեցել «Ագուլեցի» արտ-սրճարանում:
Aysor.am-ի զրուցակիցն է «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթի լավագույն տասնյակի մեջ մտած Միլենա Հակոբյանը

- Միլենա, ի՞նչ կարող եք պատմել Ձեր մասին:
- Ես Միլենա Հակոբյանն եմ, դեղագործության ֆակուլտետի ուսանողուհի, սիրում եմ նորաձևություն և ստեղծագործել։
- Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել 2025 թվականի «Միսս Հայաստան» մրցույթին։
- Դա մանկությանս երազանքն էր, և որոշեցի փորձել ինձ։
- Փոքր ժամանակ ի՞նչ ստեղծագործական խմբակների եք հաճախել...
- Հաճախել եմ պարի և երգի խմբակներ։
- Ձեր տոհմում կա՞ն ստեղծագործողներ։ Եվ ո՞ր ասպարեզում են նրանք ստեղծագործել կամ էլ` ստեղծագործում ներկայումս։
- Ընտանիքումս կան ստեղծագործողներ. պապիկս գրել է բանաստեղծություններ։
- Միլենա, ո՞րն է այն արժեհամակարգը, որ կուզենաք ներկայացնել բեմում, երբ որևէ հարթակում Հայաստանը ներկայացնելիս լինեք։
- Ինձ համար կարևորը բարությունը, ազնվությունը և նվիրումն են։
- Եթե ընդամենը երեք բառով բնութագրեիք Ձեզ, ապա որո՞նք կլինեին այդ բառերը։
- Ինքնավստահ, անկեղծ, նպատակասլաց։
- Մեր ժամանակների հարափոփոխ աշխարհում մարդիկ տուրք են տալիս միայն արտաքինին, երբեմն նույնիսկ մակերեսային արժեքներին։ Ձեզ համար մարդու արտաքի՞ն գեղեցկությունն է առաջնային, թե ներքին աշխարհը։
- Կարևոր է ներքին աշխարհը, իսկ արտաքինն ընդամենը դրա արտացոլումն է:
- Ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ եք տեսնում ժամանակակից աշխարհում։ Հատկապես որո՞նց մասին կուզենայիք բարձրաձայնել, եթե հնարավորություն ունենայիք ելույթ ունենալ որևէ միջազգային ամբիոնում։
- Որպես խնդիր՝ տեսնում եմ անտարբերությունը, ուզում եմ խոսել մարդասիրության մասին։
- Մեր ժամանակներում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպե՞ս են աղջիկները իրենց արտաքինը ենթարկում տարբեր միջամտությունների։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին։ Արդյո՞ք Դուք էլ որևէ բան կփոխեիք Ձեր արտաքինում:
- Յուրաքանչյուրի ընտրությունը հարգում եմ, բայց ես կողմ եմ բնականությանը։
- Ի՞նչ նախասիրություններ (հոբբի) ունեք, որոնք կցանկանայիք դարձնել Ձեր ստեղծագործական կյանքի մի մասնիկը` անկախ հետագայում ընտրած մասնագիտությունից։
- Սիրում եմ լուսանկարչությունը և ուզում եմ զարգացնել այդ ուղղությունը։
- Ինչպե՞ս կարելի է ոգեշնչել երիտասարդ աղջիկներին, որ լինեն ավելի ինքնավստահ ու ավելի լավ ճանաչեն իրենց ներքին աշխարհը։
- Պետք է հավատանք ինքներս մեզ և սովորենք սիրել մեզ այնպիսին, ինչպիսին կանք։
- Հայտնի ֆիլմի կամ գրականության հերոսուհի, որին ինքներդ կուզենայիք խաղալ կինոյում...
- Կուզենայի մարմնավորել Ժաննա դ’Արկին։
- Հատկապես ո՞ր հայտնի կինոդերասանուհու մասնակցությամբ ֆիլմերն եք սիրում դիտել...
- Սիրում եմ Անջելինա Ջոլիի ֆիլմերը։
- Սիրու՞մ եք երաժշտություն լսել։ Հատկապես ո՞ր ժանրերի ստեղծագործություններն եք նախընտրում։
- Սիրում եմ լսել ջազ և սոուլ։
- Եթե գույն լինեիք, ապա ո՞ր գույնը կլինեիք և ինչու՞...
- Ես կլինեի սպիտակ, քանի որ այն մաքրության և ներդաշնակության գույնն է։
- Եթե երբևէ հաջողության հասնեիք համաշխարհային նորաձևության աշխարհում, ինչպե՞ս Ձեր դիրքը կօգտագործեիք մեր ազգային արվեստը բարձրացնելու և հանրահռչակելու համար։
- Կօգտագործեի նորաձևությունը՝ հայկական տարազներն ու զարդանախշերը հանրահռչակելու համար։
- Հասցրե՞լ եք ճամփորդել։ Ո՞ր երկրներում ու քաղաքներում եք եղել։
- Այցելել եմ Վրաստան, Եգիպտոս, Թաիլանդ և Եվրոպայի մի շարք երկրներ։
- Մեր ազգային արժեքներից մեկն էլ Հայոց եկեղեցին է։ Հատկապես ո՞ր վանքերն ու եկեղեցիներն եք սիրում այցելել։ Կարո՞ղ եք նկարագրել, թե ինչ էներգետիկա եք ստանում այդ վանքերից ու եկեղեցիներից։
- Սիրում եմ Էջմիածինը և Տաթևը, այնտեղ հատուկ էներգիա եմ զգում։
- Մեր կյանքի ճանապարհին ամենակարևոր մարդկային հատկանիշներից է մեր ուսուցիչների ու դասընկերներին չմոռանալը։ Արդյո՞ք հասցնում եք նաև այցելել իրենց։
- Այո, փորձում եմ այցելել ուսուցիչներիս և կապ պահպանել դասընկերներիս հետ։
- Նորի՞ց կմասնակցեի՞ք որևէ գեղեցկության մրցույթի։ Ի՞նչ տվեց Ձեզ «Միսս Հայաստանը»։
- Հնարավոր է՝ նորից մասնակցեմ։ «Միսս Հայաստան»-ը ինձ տվեց փորձ և ինքնավստահություն։
- Ինչպիսի՞ աշխարհում կուզենայիք ապրել...
- Երազում եմ մի աշխարհի մասին, որտեղ իշխում են սերը և հարգանքը։
- Մեր ազգային ավանդույթներից ո՞րն է Ձեզ համար ամենասրտամոտն ու սիրելին` որպես արժեք։
- Ամենասիրելին հայկական հարսանիքի ավանդույթներն են։
- Ձեր կյանքում եղե՞լ են զարմանալի, ֆանտաստիկ դեպքեր, որից հետո համոզվել եք, որ կյանքում հրաշքներ իսկապես լինում են...
- Այո, եղել են պահեր, երբ երազանքներս անսպասելի իրականացել են։
- Երեխա եղած ժամանակ հեքիաթներ կարդու՞մ էիք։ Ո՞ր մանկագիր-հեղինակների գործերն էիք ամենաշատը սիրում և ինչու՞։
- Այո…Շատ եմ սիրել Թումանյանի հեքիաթները։
- Միլենա, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։
- Շարունակել ուսումս, զարգանալ մոդելային ոլորտում և մասնակցել նախագծերի։
- Շնորհակալություն լավ զրույցի համար եղեք երջանիկ և առողջ:
- Շնորհակալություն։ Երջանիկ եմ, որ կարողացա կիսվել իմ մասին։
Զրույցը վարեց՝ Հասմիկ Պողոսյանը
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)