.png)
Տենդերների «առաջամարտիկները» իշխանության հետ փոխկապակցված մարդկանց ընկերություններն են․ Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)
Պետական տենդերներն ամենից հաճախ շահում են իշխանության ներկայացուցիչների հետ փոխկապակցված անձինք, AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովի շրջանակում, լրագրողների հետ զրույցում ընդգծեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Իշխանությունները հայտարարում են, թե մրցույթները բաց ու թափանցիկ են, և հաղթում է չափանիշներին համապատասխանող ընկերությունը, բայց առաջանում է պարզ հարց․ եթե նույն ընկերությունը բազմիցս կատարում է շատ ցածր որակի աշխատանք, ինչո՞ւ չի հայտնվում սև ցուցակում և շարունակում է շահել հաջորդ տենդերները։ Ավելին՝ հերթական ձախողումներից հետո ստանում է ավելի մեծ պատվերներ՝ մինչև մեկ միլիարդ դրամի չափով։ Եթե այդ ընկերությունը կապ չունի իշխանության հետ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ այն ոչ միայն չի պատժվում, այլև դառնում է տենդերների առաջատար։ Ավելին՝ կան դեպքեր, երբ ընկերության տնօրենը իշխանական ուժի համամասնական ցուցակում է, հերքելու տեղ չունեն, որ իրենց հետ կապ չունի»։
Մանուկյանը որպես մեկ այլ օրինակ նշեց. «Մրցույթով նախատեսվում է, որ շինարարը պետք է ունենա առնվազն 10% շահույթ։ Սակայն հաճախ հայտնվում է մասնակից, որը առաջարկում է 30%-ով ավելի ցածր գին, շահում մրցույթը, ապա աշխատանքը կիսատ է թողնում»։ Արդյունքում, ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով, գումարները մսխվում են, այնինչ եթե լինի վերահսկողություն և պատիժ, այս ամենը չի կարող տեղի ունենալ։
Այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, անցկացրել է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք խոսել են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։