.jpg)
Ինչու հակաեկեղեցական արշավը հասավ բանտ. ՔԿԾ-ից հավատացնում են, թե չեն անտեսել իրավական կարգավորումները
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքն ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել են աշխատանքային պայմանագրեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտարարել են՝ այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն՝ խնդրելով պարզաբանել, թե ո՞րն է եղել հոգևորականների՝ ՔԿՀ-ներ մուտք գործելն արգելելու պատճառը։
ՔԿԾ-ից հայտնել են, թե կառույցը կարևորում և իր լիազորությունների սահմաններում ապահովում է օրենսդրությամբ սահմանված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մտքի, խղճի և կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության իրավունքի իրացումը:
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս այլնի, կարող է կազմակերպվել նաև կրոնական միջոցառումներ: Պատիժ կատարող մարմին կամ հիմնարկ կարող է հրավիրվել հոգևորական: Թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից: Նշված օրենսդրական պահանջների և ազատությունից զրկված անձանց իրավունքի իրացումն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանաների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ կատարվող այցերը կանոնակարգելու, աշխատանքները համակարգելու և ազատությունից զրկված անձանց հետ իրականացվող աջակից այլ աշխատանքների հետ մեկտեղելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանաների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր՝ առաջնորդվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված իրավադրույթներով:
Հաշվի առնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունների իրականացման հետագա գործընթացների կազմակերպման մոտեցումների նշված փոփոխությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվող համագործակցությունն ապահովելու է վերոգրյալ օրենսդրական պահանջների և ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովումը և արդյունքում առկա չի լինելու նախկինում քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականների այցելությունների կարիքը, ուստի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցվել են»,- Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նման պարզաբանում են տվել ՔԿԾ-ից։
ՔԿԾ-ից նշել են, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանաների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը չի հակասում «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածների դրույթներին, մասնավորապես, ազատազրկման վայրերում հոգևոր ներկայացուցիչ ունենալու մենաշնորհին։
«Քանի որ, ինչպես նշվել է, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից պայմանագրերը կնքվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից ձեռնադրված քահանաների հետ»,- հավելել են ՔԿԾ-ից։