20/02/2018 12:04
Երևանի ավագանիում ոչ բարեկիթ և մեր մշակույթին անհարիր գործողություններ տեղի են ունեցել երկու կողմից. Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Երևանի ավագանիում օրերս տեղի ունեցած միջադեպին և կատարվածը համարել «ոչ բարեկիրթ ու մեր մշակույթին անհարիր»։
«Երևանի ավագանիում ոչ բարեկիրթ ու մեր մշակույթին անհարիր գործողություններ, ցավոք սրտի, տեղի են ունեցել երկու կողմից», -հայտարարեց Հարությունյանը՝ դատապարտելով կատարվածը։
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների քայլը, երբ վերջիները նիստին ներկայացել էին կոյուղաջրերով լի տարաներով, Դավիթ Հարությունյանը անպարկեշտ քայլ համարեց ու հավելեց. «Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստում, անհարիր է մեր մշակույթին, և ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ իրենց չպետք է այդպես պահեին»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը: Նրանք փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի տարաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Ավելին, Վասպուրակ Մարտիրոսյանն էլ թիկունքից քաշել էր Մարինե Խաչատրյանի մազերը։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 118-րդ հոդվածի՝ «Ծեծը» և 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»։