«Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է
25/12/2013 20:30

«Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է

Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա դեկտեմբերի 11-ին անմեղ ճանաչեց Արջուտ գյուղի միակ դպրոցի տնօրեն Անդրանիկ Սողոմոնյանին:

2012 թ. Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ա. Ներսիսյանի կողմից հարուցվել էր քրեական գործ` Անդրանիկ Սողոմոնյանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելով յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու դեպքերի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով, 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 1-ին և 3-րդ մասի 3-րդ կետով:

Ա. Սողոմոնյանի շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Անդրանիկ Սողոմոնյանի խոսքով՝ այս գործից առաջ ինքը անգամ որպես «հանդիսատես» դատարանում չէր եղել, հետո հավատաց, որ մեր երկրում արդարադատություն կա:

«Երկու դատախազ փոխվեց և անաչառ քննություն կատարվեց: Կոռուպցիա, բան, որ ասում են, ես նման բան չզգացի»,- պատմում է նա:

Ա. Սողոմոնյանը ոչ միայն Արջուտի միակ դպրոցի տնօրենն է, այլև հիմնադիրը: Այսօրվա նման հիշում է՝ ինչպես ուղղակի «ֆունդամենտը» դարձավ դպրոց:

«25 տարի առաջ ադրբեջանցիներին դուրս ենք շպրտել և կառուցել այս դպրոցը, որտեղ ես մինչև այսօր հիմնադիր տնօրեն եմ: 1989 թ. հուլիսի 26-ին մարզխորհրդի որոշումով ինձ նշանակեցին դպրոցի տնօրեն, բայց միայն հիմքը կար, ռուս շինարարները փայտաշեն դպրոց էին կառուցել, ես ել եմ մասնակցել դպրոցի շինարարությանը: Մեզ ժամանակ էր տրված 1 տարի, բայց մենք 2 ամսում դպրոց կառուցեցինք, ու 1989 թ. սեպտեմբերի 1-ին դպրոցը բացեց իր դռները աշակերտների համար: Հիմա անգամ գյուղում խոսակցություններ կան, որ թոշակի անցնեմ, այդ դպրոցը իմ անունով կոչվի»,- ասաց նա:

Իր դեմ հարուցված գործը Ա. Սողոմոնյանը վստահաբար զրպարտություն է անվանում, անգամ նշում է այն մարդկանց անունները, ովքեր ուզում էին «իր գլխին գործ սարքել»:

«Այդ երկու ուսուցիչները, ովքեր մայր ու աղջիկ են, իմ մոտ դեռևս աշխատում են, նրանց չեմ էլ «կոպիտ ասած» հետապնդում, ասում եմ՝ թող աշխատեն: Ամենասկզբից թշնամանքի պատճառ դարձավ այն, որ նրանից մեկը վիճեց մեկ այլ ուսուցչուհու հետ և նրա ամուսինը, որը մյուսի հայրն է, ինձ զանգեց, ասաց՝ էդ դպրոցի պոռնիկները ի՞նչ են ուզում իմ կնոջից ու աղջկանից: Մեր դպրոցում աշխատանքային մեծ փորձ ունեցող մանկավարժներ են աշխատում, ես այդ խոսքից վրդովվեցի, ասեցի՝ էդ կենդանիները քո կինն ու աղջիկն են, դրանից հետո զրպարտանքի շարք սկսվեց: Հաջորդ օրը նրա կինն ինձ ասաց՝ պետք է գլխիդ սարքեմ: Հետո ոստիկանությանը ասել էին, իբր կաշառք եմ վերցրել, բայց ոստիկանները պարզեցին, որ նրանց մատնանշած անձը մահացել է դեռևս 2002 թ.»,- ասաց նա:

Այժմ Ա. Սողոմոնյանը դեռևս չի վերականգնվել իր պաշտոնում, քանի որ գործի քննության ընթացքում դատախազությունը մարզպետարան դիմում է ուղարկել, որում հայտնել է, որ այդ նույն ուսուցչուհիները պահանջում են, որ նրա լիազորությունները դադարեցվեն, քանի որ կարող է ճնշում գործադրել ուսուցիչների վրա:

Արդարացման վճռի ուժի մեջ մտնելուն պես Ա. Սողոմոնյանը սպասում է, որ կվերականգնվի իր աշխատանքում: Նրա խոսքով՝ հիմա էլ դպրոցը չունի սպորտդահլիճ, անհրաժշետ քանակի սպորտային գույք, լաբորատորիա, բայց այդ դպրոցի համար աշխատել է անել ամեն բան:

«Գյուղում ինձ կատակով 911 են ասում: Իմ տան վառարանն եմ տարել դպրոց, որ երեխաները հացը այնտեղ թխեն, մանր-մունր նման բաներ էլ եմ արել, որովհետև բոլոր երեխաներն էլ մեր երեխաներն են, 1-ին դասարանցիներին եմ կնքել ու արծաթե խաչեր նվիրել բոլորին, իսկ ավարտական դասարանի աշախակերտներին կնքել եմ ու ոսկե խաչեր նվիրել, իսկ 2011 թ. Սպորտլանդիա եմ կազմակերպել, որին մասնակցել են գյուղի բոլոր ընտանիքները, որ մարդիկ ցանկանան մնալ գյուղում»,-ասաց նա:

Գործի նախապատմությունը.

(Հատվածներ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռից)

Դատաքննությամբ, գործի նյութերի ուսումնասիրմամբ դատարանը պարզել է.

Նախաքննական մարմինը ամբաստանյալ Անդրանիկ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հետևյալ արարքը կատարելու համար.

Անդրանիկ Սողոմոնյանը 1989թ. հուլիսի 26-ի թիվ 68 հրամանով Գուգարքի շրջանային ժողկրթբաժնի կողմից նշանակվել է Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոցի տնօրեն և աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2012թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում յուրացման եղանակով, հափշտակել է նույն դպրոցի հաշվեկշռում գտնվող, ի պաշտոնե իրեն վստահված զգալի չափերով՝ 195.000 դրամ ընդհանուր արժողությամբ ՙԼG՚ տեսակի սառնարանը և ՙPanasonic՚ տեսակի տեսախցիկը, որոնք իր անձնական օգտագործման համար տեղափոխել Է Լոռու մարզի Արջուտ գյուղի 11 փողոցի 17 հասցեում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն:

2012թ. նոյեմբերի 24-ին հիշյալ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են վերը նշված «ԼG»տեսակի սառնարանը և «Panasonic»՚ տեսակի տեսախցիկը ու առգրավվել :

Առաջադրված մեղադրանքում Անդրանիկ Սողոմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ ցուցմունքներ է տվել այն մասին, որ որպես անհատույց նվիրատվություն ստացել է սառնարան և համակարգիչ: Սառնարանը կայծակից փչացել էր և դպրոցի պահակ Ա. Խ.-ի հետ այն տեղադրել է իր մեքենայում, որպեսզի բերի Վանաձոր քաղաք մասնագետի մոտ: Սակայն սառնարանը մեքենայում լավ չի տեղավորվել և ընթացքում որոշել է այն տեղափոխել իր տուն, ապա համապատասխամ մասնագետին տուն կանչել: Դրանից հետո խորհրդակցել է մասնագետի հետ, վերջինս պարզաբանել է, որ ամենայն հավանականությամբ կայծակից փչացել է սառնարանի ռելեն: Վանաձորում այդ սառնարանի ռելեն չի կարողացել գտնել և այն ձեռք է բերել Երևան քաղաքից հոկտեմբեր ամսի կեսերին: Գնելուց մի քանի օր անց փոխել է սառնարանի ռելեն, սակայն սառնարանը դպրոց չի տեղափոխել, քանի որ դպրոցում վերանորոգման աշխատանքներ էին սկսվելու: Որոշել է սառնարանը միանգամից տեղափոխել դպրոց դրանից հետո, որպեսզի վերանորոգման ընթացքում այն չվնասվի: Նոյեմբեր ամսին ոստիկանները այն հայտնաբերեցին իր տանը, դուռը բաց, շրջած և հոսանքից անջատված վիճակում: Դա կարող են հաստատել խուզարկության մասնակիցները, սառնարանը այդ վիճակում նաև նկարել են:

Խուզարկության ժամանակ իր տանը հայտնաբերել են նաև դպրոցի տեսախցիկը, այն տարել էր տուն, որպեսզի նկարահաներ կնոջ ծննդյան 50-ամյակը և մանկավարժական գործունեության 25-ամյակը, նրա մեծարման երեկոն, որին հրավիրված են եղել նաև դպրոցի մանկավարժների մեծ մասը: Այդ միջոցառումը ուղղակի կապված էր դպրոցի առօրյայի հետ: Տեսախցիկի ձայնագրությունների մեջ պահպանված են նաև դպրոցում նկարահանված այլ միջոցառումներ: Այդ տեսախցիկը ինքը տրամադրել էր նաև Արևմտյան Հայաստան գնացած տուրիստական խմբին, որպեսզի հետագայում այդ նկարահանումները ցույց տա դպրոցի աշակերտներին: Տեսախցիկը չէր հասցրել հետ տանել դպրոց, քանի որ օպերատորը դեռ այդ ձայնագրությունը չէր հասցրել գցել կրիչի վրա: Ոչ սառնարանը, ոչ տեսախցիկը հափշտակելու մտադրություն չի ունեցել:

Անդրանիկ Սողոմոնյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունքներ տալ և հայտնել է, որ պնդում է իր նախորդ ցուցմունքները:

Դատաքննության ժամանակ Անդրանիկ Սողոմոնյանը պնդեց որպես կասկածյալ իր կողմից տրված ցուցմունքները: Նաև հավելեց, որ ամեն տարի նոյեմբեր ամսին գույքագրման հանձնաժողովի կողմից դպրոցում կատարվում է գույքագրում, սառնարանը որպես դպրոցին պատկանող գույք ընդգրկված է եղել գույքացուցակի մեջ, դրա համար պատասխանատու են հանձնաժողովի բոլոր անդամները, հետևաբար այդ սառնարանը ինքը չէր կարող յուրացնել:

2012թ. օգոստոսի 19–ին Արջուտ գյուղում կարկուտ, անձրև և ամպրոպ է եղել, որի հետևանքով և գյուղի բնակիչների գույքը, և դպրոցի շենքը բավականին լուրջ վնասներ են կրել: Դրա հաջորդ օրը ինքը գնացել է դպրոց, դպրոցում են եղել պահակը և նրա կինը: Պահակն ասել է, որ դպրոցի տանիքից անձրևաջրերը ներս են թափվել: Նրա հետ միասին շրջել և ուսումնասիրել են դպրոցի սենյակները: Իր աշխատասենյակին կից կա մի սենյակ, որտեղ պահվում է դպրոցի զենքը, սառնարանն էլ է այդտեղ տեղադրված եղել, քանի որ դպրոցի ճաշարանը շատ փոքր է և այնտեղ հնարավոր չէր սառնարանը տեղավորել:

Քանի որ ունի ճնշման հետ կապված առողջական խնդիր, սառնարանում, բացի աշակերտների համար նախատեսված սննդից, միշտ պահել է նաև հանքային ջուր ու լիմոն: Այդ օրն էլ ճնշումը բարձր էր, ու երբ սառնարանը բացել է, որ ջուր վերցնի, տեսել է, որ այն անջատված է: Մտածել են, որ այն փչացել է: Պահակի կնոջը խնդրել է, որ սառնարանի պարունակությունը հանի և տանի տուն, քանի նրանց տունը դպրոցից հեռու է ընդամենը 50 մետր: Ինքն էլ պարբերաբար հետաքրքրվել է սառնարանի վերանորոգման հարցով, մասնագետներն ասել են, որ սառնարանը վերանորոգելու համար այն պետք է տեղափոխվի արհեստանոց: Վերանորոգման տանելու նպատակով սեպտեմբերի 6-ին սառնարանը դպրոցի պահակի հետ հանել են, դրել իր մեքենայի մեջ, սակայն սառնարանը մեքենայում դժվարությամբ է տեղավորվել, կողքը մի փոքր վնասվել է, բեռնախցիկն էլ չի փակվել, թելով կապել են: Ճանապարհին թելը կտրվել է: Ինքը հարկադրված սառնարանը տեղափոխել է իր տուն, տեղավորել խոհանոցի անկյունում, որը հենց իր տան նախամուտքն է: Որոշակի ժամանակ անց մեկնել է Երևան իր ծանոթի տաքսիով, վերջինս իրեն տարել է Մալաթիայի շուկայի մոտ, պարզաբանել, թե որտեղ եմ վաճառում ռելեներ: Այնտեղից 10.000 դրամով գնել է այդ ռելեն, ապա բերել տուն և իր ձեռքով փոխել: Դպրոցում բոլորն էլ իմացել են, որ սառնարանը փչացել էր և ինքը այն տեղափոխել է վերանորոգման նպատակով:

2012թ. օգոստոսին Լոռու մարզի Արջուտ գյուղ է այցելել Լոռու մարզպետը, հանդիպման ժամանակ ինքը նրան խնդրել է աջակցել, որ դպրոցի պատուհանները և դռները փոխվեն, նա ընդառաջել է և դպրոցի վերանորոգման ծրագիրը հաստատվել է: Սեպտեմբեր ամսին դպրոց են եկել ինչ-որ մարդիկ և կատարել համապատասխան չափումներ, դրանից հետո հոկտեմբեր ամսին նույնպես եկել են այլ մասնագետներ: Հոկտեմբերի կեսերին շինանյութը տեղափոխել են դպրոց շինարարական աշխատանքները սկսելու համար:

Սակայն այդ աշխատանքների կատարումը ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է: Ըստ էության դրանք սկսվել են նոյեմբեր ամսին:
Սառնարանը վերանորոգելուց հետո դպրոց չի վերադարձրել, քանի որ դպրոցի շինարարական աշխատանքները դեռևս չէին ավարտվել: Նոյեմբեր ամսվա վերջին ոստիկանները եկել են իրենց տուն խուզարկություն կատարելու, որի ժամանակ իրենց տան խոհանոցում դատարկ, անջատված վիճակում տեսել են սառնարանը ու նկարել: Որպեսզի արձանագրություն կազմեն, ինքը նրանց ուղեկցել է հյուրասենյակ, որտեղ էլ հեռուստացույցի կողքին դրված է եղել տեսախցիկը, ինչը նույնպես առգրավել են:

Դպրոցում կար երկու համակարգիչ: Վերանորոգման ժամանակ այդ համակարգիչները անընդհատ տեղափոխում էին, ու քանի որ արդեն իսկ սառնարանը դպրոցից հանված էր, նպատակահարմար չի գտել այդ փոշոտ սենյակներում դնել սառնարանը: Մտածել է, որ այն դպրոց կտեղափոխի միայն վերանորոգումն ավարտվելուց հետո:

Սառնարանի վերանորոգման համար ոչ մեկի հետ պայմանագիր չի կնքել, քանի որ բոլորը մասնագետները անհատ ձեռներեցներ էին, իսկ դպրոցը պայմանագիր կարող էր կնքել միայն իրավաբանական անձանց հետ: Նախընտրել է այն վերանորոգել իր միջոցներով, ինչը որ արել է:

Դպրոցում եղել է նաև հին սառնարան, որը ինքն էր նվեր ստացել: Եվ երբ դպրոցում սառնարանի անհրաժեշտություն կար, մինչ նոր սառնարան ստանալը իր անձնական սառնարանը տարել է դպրոց, սակայն այդ սառնարանը արդեն լավ չի աշխատել և չեն օգտագործել: Օգտագործել են դպրոցի նոր սառնարանը: Այն ժամանակահատվածում, երբ սառնարանը դպրոցում չի եղել, ժամանակավորապես օգտվել են Աննա Խաչատրյանի` դպրոցի տնտեսական աշխատողի տան սառնարանից:

Տեսախցիկը ինքը ոչ մեկին ոչ նվիրել է, ոչ յուրացրել, այն իր կնոջ նույն դպրոցի ուսուցչուհի Գայանեի խնդրանքով նոյեմբերի 20-ին երկու օրով տրամադրել է նրան, ծննդյան 50-ամյակի և մանկավարժական գործունեության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումը նկարահանելու համար: Այդ օրը գիշերը ուշ են վերադրաձել տուն և տեսախցիկը կնոջ եղբոր խնդրանքով միացրել են հեռուստացույցին, որպեսզի նկարահանումը կարողանան դիտել, որից հետո պետք է այն ձայնագրեին սկավառակի վրա և տեսախցիկը վերադարձներ դպրոց: Այն, որ ինքը տեսախցիկը յուրացնելու նպատակ չի ունեցել, հիմնավորվում է նաև նրանով, որ տեսախցիկի տուփը և լիցքավորման սարքը եղել են դպրոցում: Իր տանը հայտնաբերել են միայն տեսախցիկը:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող Ա.Ասատրյանը հայտնել է, նախաքննական մարմինը Անդրանիկ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ զգալի չափերով յուրացում կատարելու համար: Յուրացումը կամ վատնումը նշանակում է հանցավորի կողմից իրեն վստահված գույքի հափշտակում, այսինքն այն գույքի , որը գտնվում է նրա օրինական տիրապետման ներքո, որի նկատմամբ նա ունի որոշակի լիազորություններ: Հանցավորը այդ գույքը վերցնում և օգտագործում է, դրա նկատմամբ չունենալով նման լիազորություններ: Հանցակազմն ունի 4 տարրեր, որոնց առկայությունն է տալիս հանցագործություն` օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ և սուբյեկտիվ կողմ: Սույն գործով առկա է օբյեկտը` տեսախցիկը և սառնարանը, օբյեկտիվ կողմը նույնպես առկա է, այդ իրերի տեղափոխումը իր տուն, սուբյեկտը նույնպես կա, պաշտոնական դիրք ունեցող անձ, ով այդ գույքի նկատմամբ օժտված է եղել որոշակի լիազորություններով: Սակայն բացակայում է սուբյեկտիվ կողմը, որը յուրացման պարագայում դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտվեցին նաև դատաքննության ընթացքում:

Իրավական գնահատական տալով ձեռք բերված բոլոր ապացույցներին, դրանց վերաբերելիության, թույլատրելիության և ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ բավարարության տեսակետից, մեղադրանքի կողմը գտնում է, որ Անդրանիկ Սողոմոնյանին մեղսագրված արարքը չհիմնավորվեց:

ՀՀ Սահմանադրության 21 հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածի 4-րդ մասի համաձայն մեղադրանքն ապացուցելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում, մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների վրա:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107 հոդվածի համաձայն միայն ապացույցների հիման վրա են հաստատվում դեպքը, հանգամանքները, ժամանակը և մեղսագրվող արարքի հիմնավորված լինելը կամ չլինելը:

Այսպիսով վերը նշվածի հիման վրա, քրեական գործի դատաքննության ընթացքում, բոլոր ձեռք բերված ապացույցները հետազոտելով, մեղադրանքի կողմը գտնում է, որ դրանք բավարար չեն Անդրանիկ Սողոմոնյանի արարքը որպես յուրացում գնահատելու համար: Նրա արաքում բացակայում է սուբյեկտիվ կողմը` ուղղակի դիտավորությունը: Անձը սառնարանը և տեսախցիկը ժամանակավոր տեղափոխելով իր տուն, դրանք յուրացնելու նպատակ չի ունեցել: Այդ դիտավորությունը չի հիմնավորվել, ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում:

Մեղադրողը հայտարարել է, որ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54 հոդվածով հրաժարվում է Անդրանիկ Սողոմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից, քանի որ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:

Դատարանը Ա. Սողոմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ճանաչել և հռչակել է անմեղ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Նախորդող հրապարակում՝ «Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման

«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է

Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

Օրենքի զոհերը. Մատաղիսի գործ. Ցմահ ազատազրկումից` մինչև արդարացում

Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

«Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է