.jpg)
Ոստիկանության սպան արդարացվել է. Դա պատվեր էր ՌԴ իրավապահ մարմիններին
Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Գ. Միրզոյանի 2014 թ. հունվարի 21-ի որոշմամբ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերացվել է և նույն օրը նա ազատ է արձակվել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Մ. Սարգսյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն):
Ոստիկանության նախկին սպա Մկրտիչ Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ գործը, միանշանակ, իր դեմ պատվիրված էր:
«Այդ քրեական գործը, միանշանակ, պատվիրված էր իմ նկատմամբ և պատվերը տրված էր ՌԴ իրավապահ մարմիններին: Շնորհակալ եմ, որ մեր դատախազությունը և քննչական մարմինը վեր կանգնեցին այդ ամենից և կատարեցին օբյեկտիվ քննություն, որի արդյունքում բոլորը համոզվեցին իմ անմեղության մեջ»,- ասաց նա:
Մ. Սարգսյանը նշեց, որ դրանից հետո անձամբ դիմում է գրել ոստիկանությունից ազատվելու համար, սակայն այժմ աշխատանքի վերադառնալու հույսը չի կորցնում: «Քանի որ հասկանում էի, որ ՌԴ-ի կողմից հետախուզվում եմ և իմ` ոստիկանության աշխատակից լինելը անհարկի շահարկումների տեղիք կարող էր դառնալ ոստիկանության հասցեին, և այդ ամենից զերծ մնալու համար եմ աշխատանքից ազատման դիմում ներկայացրել այն հույսով, որ իրականությունը պարզվելուց հետո, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ես հիմա վերադարձել եմ իմ բնականոն կյանքին, թեև խորը ցավ և վիրավորանք ունեմ, քանի որ, լինելով ոստիկանության սպա, փաստացի ինձ զրկեցին իմ աշխատանքից և շուրջ 11 ամիս ինձ անօրինական պահեցին կալանքի տակ: Իսկ աշխատանքի վերադառնալու ցանկություն, իհարկե ունեմ, քանի որ ես սովորել և անբասիր ծառայել եմ հայրենի ոստիկանությանը»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ ինքը հավատում էր արդարացմանը, քանի որ որևէ կապ չուներ այդ սպանության հետ: «Ես բացարձակ կապ չունենալով այդ սպանության հետ, իմ անմեղությունն ապացուցելու համար պատրաստ էի պայքարելու մինչև վերջ և շնորհակալ եմ իմ պաշտպան Գեղամ Հակոբյանին, որ նա էլ հավատաց իմ անմեղությանը և անմնացորդ պայքարի արդյունքում ապացուցեց իմ անմեղությունը: Իհարկե հավատում էի, որ արդարությունը կվերականգնվի, քանի որ որևէ առնչություն չունեի այդ գործի հետ: Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ ԱԱԾ քննչական վաչությանը և ՀՀ Գլխավոր դատախազությանը, որ վեր կանգնեցին շատ բացասական երևույթներից և ի վերջո հաստատեցին իմ անմեղությունը և կայացրեցին օրինական որոշումներ», -ասաց նա:
Մ. Սարգսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քրեական գործը հարուցվել էր Ռուսաստանի Դաշնությունում 2011թ. փետրվարին: 2012թ. նոյեմբերին ՌԴ քննչական մարմնի որոշմամբ Մ. Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, այն արարքի համար, որ նա ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում կատարել է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն:
Ըստ փաստաբանի՝ 2013թ. հունվարի 26-ին Մ. Սարգսյանը տեղեկանալով իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին, հանդիսանալով ոստիկանության սպա, իր նախաձեռնությամբ դիմում էր ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին և ինքնակամ ներկայացել ՀՀ համապատասխան մարմիններին իր անձի հետ կապված թյուրիմացությունները պարզելու համար: Հետախուզման մեջ գտնվելու հիմքով նույն օրը նա ձերբակալվել էր: ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի կողմից 29.01.2013թ. միջնորդություն է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու խնդրանքով:
«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր կերպով մերժել էր դատախազի միջնորդությունը և Մ. Սարգսյանին ազատ էր արձակել: Սակայն դատախազի վերաքննիչ բողոքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փոփոխել էր նշված որոշումը և Մ. Սարգսյանի նկատմամբ կիրառել կալանավորում: Նշված քրեական գործի քննությունը շարունակվել էր ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում, որտետեղ էլ Մ. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն, որի համար պատիժ էր նախատեսվում մինչև ցմահ ազատազրկում/:
Բազմաթիվ բողոքներ և միջնորդությունն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին և ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն:
Թեև Մ. Սարգսյանը 11 ամիս գտնվել է անհիմն կալանքի տակ, սակայն հանուն արդարության պետք է նշեմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Գ. Միրզոյանի կողմից կատարվել են բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, որի արդյունքում փորձ է արվել ձեռք բերել ոչ միայն անձի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ, որոնք գոյություն ունենալ չէին կարող, այլև ձեռք են բերվել անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ, որոնց արդյունքում 2014թ. հունվարի 21-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերացնելու մասին որոշում և ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հ. Ենոքյանի նույն օրվա որոշմամբ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
Չնայած այն բանին, որ Մկրտիչ Սարգսյանը ՌԴ քննչական մարմնի ապօրինի մեղադրանքի արդյունքում շուրջ 11 ամիս մնացել է անազատության մեջ, սակայն ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչության օբյեկտիվ և անաչառ մոտեցումների շնորհիվ կանխվեց Մ. Սարգսյանի նկատմամբ անօրինական քրեական հետապնդումը»,- ասաց նա:
Նշենք, որ գործը դեռևս քննվում է Մկրտիչ Սարգսյանի՝ կեղծված փաստաթղթերով ՌԴ մեկնելու մասով:
Նախորդող հրապարակումներ` «Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է
«Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման
«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է
Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով
Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում
Օրենքի զոհերը. Մատաղիսի գործ. Ցմահ ազատազրկումից` մինչև արդարացում
Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը
Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի