865+1. Խանջյան. Երկու եղանակ ունեցող գյուղ
20/05/2014 20:24

865+1. Խանջյան. Երկու եղանակ ունեցող գյուղ

Aysor.am-ի 865+1 Շարքը պատմում է Հայաստանի գյուղերի մասին: Հերթական գյուղը Արմավիրի մարզի Խանջյան գյուղն է, որը համարվում է Հայաստանի ամենաշոգ գյուղերից մեկը:

Ամառը այստեղ տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր կատարյալ շոգ է լինում

Խանջյան գյուղը գտնվում է Արմավիրի մարզում: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50 աստիճանց ցուրտ։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր գյուղում տիրում է կատարյալ շոգը, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26, իսկ առավելագույնը՝42։ 

Խանջյան գյուղը ստեղծվել է1958 թվականին, սկզբում անվանվել է Աբովյան, այնուհետև 1962 թվականին վերանվանվել է Խանջյան: Խանջյան է կոչվել ի պատիվ Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի, ով մասնակցել է Արմավիրի Մայր ջրանցքի բացմանը: «Պատմությունը հստակ չգիտեմ, ես եղել եմ 2 տարեկան, բայց գիտեմ, որ նրա անվան հետ է կապված»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց գյուղի սասունցի գյուղապետ Սամվել Ավագյանը, ով այսօր արդեն 60 տարեկան է:

Գյուղի բնակչությունը Խանջյան է տեղափոխվել հարակից գյուղերից և Հայաստանի տարբեր շրջաններից։ 1981 թ-ին գյուղն ունեցել է 1580 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ-ին համայնքն ունեցել է 1908 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմել են 48%, կանայք՝ 52%։ Իսկ այսօր գյուղն ունի 2080 և ավելի բնակիչ՝ շուրջ 420 տնտեսություն: Գյուղում իր ընտանիքի հետ՝ կնոջ ու 4 զավակների հետ ապրում է նաև գյուղապետը՝ Սամվել Ավագյանը: «Ունեմ 4 զավակ՝ 3 աղջիկ և մեկ տղա»,- ասում է նա:

Գյուղում այսօր մնացել են միայն ծերերը: Ինչպես մյուս գյուղերում, այստեղ նույնպես երիտասարդների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Գյուղի ամենատարեցը 92-ամյա մի ծերունի է: 

Գյուղը չունի մանկապարտեզ

Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Միակ խնդիրը մանկապարտեզն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Սամվել Ավագյանը պատմեց, որ դպրոցը բոլորովին վերջերս է վերանորոգվել, սակայն մանկապարտեզը խնդիր է. շենքը կա, բայց այն չի գործում: «Դպրոցը նույնպես քանդված վիճակում էր, բայց կարողացանք այն հովանավորների միջոցով վերանորոգել, իսկ մանկապարտեզը չենք կարողանում՝ հովանավոր չունենք: Մանկապարտեզ, որ լինի երկու խումբ կձևավորվի, նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- նշեց գյուղապետը:

«Գյուղի դպրոցում սովորում է  367 երեխա: Այս տարի դպրոցն ունի նաև շրջանավարտներ»,- նշեց Ավագյանը՝ հավելելով, որ ինչպես մյուս գյուղերում, այնպես էլ այս գյուղում հիմնական խնդիրը աշխատատեղերն են, իսկ դրանք գյուղում գրեթե չկան: «Առանց արտագնա աշխատանքի չեն կարող երիտասարդները ապրել: Գնում են ու ձմռանը հետ վերադառնում, իսկ ով էլ հետ չի գալիս՝ ուրեմն այնտեղ ամուսնանում է»,- նշեց գյուղապետը:

Ս. Ավագյանի խոսքով՝ բոլորովին վերջերս է վերանորոգվել նաև գյուղ տանող ճանապարհը: «Շատ լավ ճանապարհ ունենք: Երիտասարդական հիմնադրամի կողմից հատկացված միջոցներով է վերանորոգվել: Գյուղացիները չեն դժգոհում նաև ջրից»,- պատմեց Ավագյանը:

Գյուղում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ ու անասնապահությամբ

Խանջյանի գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն նաև վարելահողերը՝ 89հա հողատարածք, պտղատու այգիներ՝ 179հա և խաղողի այգիներ՝ 86հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր:  Համայնքի հիմնախնդիրների մեջ առանձնանում է ոռոգման ջրի հարցը, սակայն գյուղապետի խոսքով՝ թեև ջրագծերը նորոգվել են, բայց դեռ անելիքներն այս ուղղությամբ շատ են:

Գյուղապետը ինքն էլ փաստեց, որ բնակիչները հիմնականում քիչ են զբաղվում բանջարաբոստանային կուլտուրաներով: «Հիմնականում գյուղացիները զբաղվում են այգեգործությամբ: Աճեցնում են խաղողի տարբեր սորտեր, ծիրան, դեղձ: Խաղողի կոնյակի սորտերը իրացնում են կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում: Խաղող է մթերվում նաև Երևանի գինու և կոնայակի Արարատ գրծարանում, որի մանաճյուղը տեղակայված է Ամասիա գյուղում: Իսկ մի մասն էլ իրացնում է այնտեղ, որտեղ նպատակահարմար է գտնում: Մեծ մասը հիմնականում իրացվում է ըստ կնքված պայմանագրերի»,- նշեց գյուղապետը:
Ցավոք, այս տարվա ցրտից հասցրել են տուժել նաև Խանջյան գյուղի գյուղացիները: «Ցրտահարվել են ծիրանենիները: Եվ այնպես, որ այս տարի ծիրան ընդհանրապես չենք ունենա: Բայց փառք Աստծո, որ խաղողը տեխնիկական սորտեր են. դրանք հիմնականում չեն տուժել»,- ասաց գյուղապետը:




Գյուղապետի մտահոգությունն այն է, որ գյուղի առօրյան մի փոքր անհետաքրքիր է անցնում. գյուղում չկա որևէ ժամանցի կենտրոն: «Ժամանցի վայրեր առհասարակ չունենք, իսկ մշակութային կենտրոնում քիչ են կազմակերպվում հետաքրքիր միջոցառումներ: Կենտրոնը կիսավերանորոգված է, որտեղ ժամանակ առ ժամանակ համերգներ են կազմակերպվում: Նոր նստարաններ ենք տեղադրել: Հաճախ մեզ մոտ են լինում Գյումրու մշակույթի կենտրոնի սաները, ովքեր գալիս են, համերգներ կազմակերպում, ժողովրդին ուրախացնում ու գնում: Գյուղում հետաքրքիր ինչ-որ բան չկա, իմ աղջիկ»,- նշեց գյուղապետը:

 

Նախորդող հրապարակումներ՝  865+1. Խաչիկ. Սահմանապահ խաչիկցիների ամենամեծ ցանկությունը տուն ունենալն է

865+1. Ահնիձոր. Գյուղն աշխարհին կապող հազար թելերը քիչ-քիչ կտրվում են

865+1. Քաշունի. Հայաստանի ամենափոքր գյուղը. «Էլ 27 չենք, արդեն՝ 24»

 865+1. Վարդենիկ. «Մեզ մենակ քաղաքի կոչումն է պակասում»

865+1. Նռնաձոր. Հայաստանի ամենահեռավոր գյուղը մոտ է դատարկվելուն  

865+1. Խանջյան. Երկու եղանակ ունեցող գյուղ