Կովկասում չափազանց տեսնելի է Ռուսաստանի ակտիվությունը. Ս. Սաֆարյան
07/07/2014 17:12

Կովկասում չափազանց տեսնելի է Ռուսաստանի ակտիվությունը. Ս. Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ՄՄ-ը իբրև քաղաքական կառույց կայանալու համար դեռևս շատ անելիքներ ունի:

«Կարելի է ասել, որ շատ է շեղվել իր առջև դրված նպատակի ճանապարհից: Պուտինի ցանկությունն է եղել ՄՄ-ը տեսնել որպես քաղաքական նախագիծ, ինչը կարելի է ասել չհաջողվեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի համար թերևս ձեռնտու է Երևանի համար ստեծված այս անորոշությունը:

«Եթե չեն հստակեցվում Հայաստանի ու ՄՄ-ի հարաբերությունները, դրա պատճառով չեն հստակեցվում նաև Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերությունները: Այսինքն՝ այս խաղի ամբողջ նպատակն այն է, որ Հայաստանը հետ մնա, կամ չխորացնի իր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ը Հայաստանի հետ իր հարաբերությունները կհստակեցնի միայն այն դեպքում, երբ պարզ կդառնա, թե որ ոլորտներում է իր համագործակությունը Հայաստանը խորացնելու մյուս կառույցի հետ: Նա նշեց, որ Ռուսաստանը ձգձգում է ոչ միայն Հայաստանի անդամակցությունը՝ Ադրբեջանի հետ կապված իր հեռահար նպատակներով, այլև չի ուզում, որ Հայաստանը իր հարաբերությունները շարունակի ԵՄ հետ:

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ կկայանա անդամակցությունը, և եթե հիմա ձգձգումը պայմանավորում են տեխնիկական, կազմակերպչական խնդիրներով, նշված ժամկետում չանդամակցությունն ինչո՞վ են պայմանավորելու, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ չի հասկանում այն պաշտոնատար անձանց, ովքեր քաղաքական բնույթի հարցերը համարում են տեխնիկական խնդիրներ:

«Ես ձեզ մեկ տասնյակից ավելի հայտարարություններ կարող եմ վկայակոչել, երբ ասվում էր, թե Հայաստանը մայիսին կդառնար ՄՄ անդամ: Ես չեմ հավատում, որ այդ անդամակցությունը շուտ կկայանա: Ես զարմանում եմ Հայաստանի պաշտոնատար այն անձանց վրա, ովքեր քաղաքական բնույթի խնդիրները համարում են տեխնիկական խնդիրներ: Լավրովն էր տեխնիկական խնդիր, Նազարբաևը, Շումալովը: Բոլորն ուզում են, որ ամեն ինչ Վլադիմիր Պուտինն ասի»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Ս. Սաֆարյանը նկատեց, որ մայիս ամսից սկսած՝ Կովկասում չափազանց տեսնելի է Ռուսաստանի ակտիվությունը, որը պայմանովրված է ոչ միայն Հարավային Օսիայով և Աբխազիայով, այլև՝ Ղարաբաղով:

«Ռուսաստանն իր առջև դրել է վերադարձի խնդիր: Այսինքն՝ ուզում է Կովկասում ստանձնել դոմինանտի դերը: Սա պայմանավորված է նաև Ղարաբաղով, քանի որ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը ավելի մեծ պատ են դրել նրա և Կովկասի միջև, քան Արցախը: Ղարաբաղի խնդիրը միակ հակամարտությունն է, որով կարող է Ռուսաստանը իր կողմը ներքաշել երկու կովկասյան երկրների՝ Հայաստանին ու Ադրբեջանին».-ասաց նա:

Մեջբերելով հատկապես վերջին շրջանում արված հայտարարությունները՝ Սաֆարյանը ուշագրավ համարեց այն, որ Ռուսաստանը դրանով ուզում է ասել՝ ունի որոշակի մտադրություններ, որոնք ուզում է իրականացնել: Այսինքն՝ ուզում է զորքեր տեղադրել, որի շուրջ արդեն ունի նախնական պայմանավորվածություն:

«Մայիսի 17-ին Բաքվում ԱՄՆ դեսպանի տված սկանդալային հարցազրույցը, որտեղ ուշագրավ էր նաև Իրանի վերաբերյալ հայտարարությունը: Սա նշանակում է, որ Ռուսաստանը ի թիվս այլ խնդիրների՝ դիտարկում է նաև այս հնարավորությունը: Այստեղ խնդիրը ոչ միայն Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի մասին է, այլ Ղարաբաղում նույնպես ներակայացվածություն ունենալու մասին: Սա հետաքրքիր է ու չափազանց ուշագրավ նրանով, որ խոսքը ոչ թե Հայաստանի հետ համագործակցության մասին է, այլ Ադրբեջանի»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ այդ հայտարարությամբ մի կողմից ԱՄՆ դեսպանը փորձում է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ում ձեռքբերված պայմանավորվածությունը, մյուս կողմից՝ Ղարաբաղյան խնդիրը ուզում են պահել հենց ՄԽ շրջանակներում:

«Չափազանց տեսանելի պայքար է ընթանում երկու երկրների միջև: Ուզում են դրանով թույլ չտալ, որ այդ հարցն անցնի Ռուսաստանի վերահսկողության տակ: Մի կողմից Արևմուտքը ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների մակարդակով ակտիվացել է և ուզում է ՄԽ շրջանակներում պահել Արցախի խնդիրը, մյուս կողմից՝ Ռուսաստանը անուղղակի ձևով փորձում է դուրս գալ ՄԽ ձևաչափից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը՝ ապա Սաֆարյանը վստահ է. Ռուսաստանը Ղարաբաղը միանշանակ կռուսականացնի, բայց չի հանձնի Ադրբեջանին: Նրա խոսքով՝ ղարաբաղյան խնդրի հետ կապված թերևս Հայաստանի համար կա մի մխիթարություն. դա Ադրբեջանի Արևմուտքի հետ չափազանց լարված հարաբերություններն են: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող մտածել լուրջ ռազմական ավանտյուրայի մասին:

Սաֆարյանը շեշտեց, որ ինչպես լուրջ սպասելիքներ չունի Հայաստանի՝ ՄՄ անդամագրվելու վերաբերյալ, այնպես էլ՝ ղարաբաղյան խնդրի հետ կապված:

«Լուրջ սպասելիքներ չունեմ նաև Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից: Դրա միակ նշանակությունն այն է լինելու, որ Արևմուտքը փորձելու է խնդիրը պահել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Այլ բան չեմ էլ ակնկալում: Որքան էլ Ուորլիքը կամ ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը փորձեն շրջանառության մեջ դնել մադրիդյան սկզբունքները, կամ հանդես գան որևէ այլ հայտարարությամբ՝ միևնույն է դրանց շուրջ կողմերը համաձայնության չեն գալու: Ադրբեջանը չափազանց մեծ ախորժակ ունի, իսկ Հայաստանը և Արցախը չեն պատրաստվում զիջել տարածքները»,- ասաց նա:

Անդրադառնալով պաշտոնական Ստեփանակերտի արձագանքին՝ Սաֆարյանը նկատեց, որ Բաբայանը հանդիսանում է պաշտոնական Ստեփանակերտի խոնակը, այլ ոչ թե Հայաստանի:

«Ամենամտահոգիչը միջազգային հանրության համար Ադրբեջանի դիրքորոշումն է: Այսինքն՝ խնդիրը Ադրբեջանի հոռետեսության մեջ է: Թող չթվա, որ Հայաստանը, ով այդքան խելոք է պահում իրեն, կամ Արցախը՝ պատրաստվում են տարածքներ զիջել: Բաբայանի հայտարարությունը վերահաստատեց, որ Արցախի դիրքորորշումներում որևէ փոփոխություն չկա: Փորձը ցույց է տվել, որ կամակոր երեխային բոլորն ավելի շատ են շոյում, իսկ Ադրբեջանը այս առումով ուզում է շահել: Բայց բոլորը հիասթափված են Ադրբեջանից»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ Հայաստանը ՄՄ-ին չի անդամակցի անգամ մինչև հունվար. Ստյոպա Սաֆարյան
 

Կովկասում չափազանց տեսնելի է Ռուսաստանի ակտիվությունը. Ս. Սաֆարյան