09/07/2014 17:40
Կ. Մկրտչյան. Հիմա ոչ թե կժպտամ, այլ կծիծաղեմ հարվածողի երեսին (Տեսանյութ)
Դերասան Կարեն Մկրտչյանը Գերմանիայում բուժում ստանալուց հետո վերադարձել է Հայաստան: Բարձր տրամադրությամբ, ընկերներով շրջապատված դերասանը այնպիսի տպավորություն էր թողնում, ասես, ոչինչ էլ չի եղել:
Նա Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռևս բուժումը լիովին չի ավարտել և մեկ անգամ էլ է վերադառնալու Գերմանիա, սակայն իրեն արդեն շատ լավ է զգում:
Հարցին՝ արդյոք իր համար սպասելի՞ էր մարդկանց նման արձագանքը իր հիվանդության լուրին, և ի՞նչ փոխեց դա իր կյանքում, նա պատասխանեց. «Այո, կարելի է ասել, որ սպասելի էր, այն ժամանակ, չգիտեմ ինչի՝ շատ սպասելի էր, այսինքն՝ չէի մտածում այդ ուղղությամբ, որ կարողա չստացվի, ընկերներ ունեմ շատ, որոնց շատ սիրում եմ, համենյան դեպս, հոգիս հանգիստ էր, չգիտեմ ինչի՝ հանգիստ էի, որ լավ է լինելու ամեն ինչ»:
Կարենի խոսքով՝ այս դեպքը ապացուցեց, որ «սերը շատ լավ բան է, ինչքան շատ ես սիրում, բարի ես լինում, դա վերադառնում է քեզ»:
«Ես հասկացա, որ ցանկացած վատ բանի մեջ էլ կարող ես լիքը լավ բան գտնել, ու երբ հիմնվում ես դրանց վրա, շատ ավելի լավ է լինում ամեն ինչ»:
Հարցին՝ արդյոք իրեն էլ են հասել իր անունից կազմակերպվող դրամահավաքների մասին լուրերը, որոնց գումարները այդպես էլ չեն փոխանցվել, դերասանը պատասխանեց. «Էս ընթացքում շատ չար բաներ եղան, շատ շահարկվեց այդ ամենը, չարաշահվեց, որոշ մարդիկ առիթը բաց չթողեցին, որ եսիմինչերով զբաղվեին, վատ բաներ էլ եղան, իհարկե: Ես իմացա, շատ բաներ լսեցի, այնտեղ գտնվելու ընթացքում էլ, նույնիսկ Ամերիկայում էլ դրամահավաքներ են արել իմ անունից, բայց եթե մարդը չար է, բարոյականությունը թույլ է, ես ի՞նչ կարող եմ անել: Ինձ չի թվում, որ ես իրավունք ունեմ նրանց ինչ-որ բան անելու: Ամեն մարդ պատասխանատու է Աստծո, օրենքի առաջ: Եթե մարդը չար է, ես իմ կողմից կփորձեմ բարին ներարկել նրան, բայց պատժելու իրավունք չեմ վերապահում ինձ: Ամեն մարդ պատասխանատու է իր արարքի համար իր առջև, իր Աստծու առջև»,- ասաց նա:
Իրեն հարվածած հանցագործի դեմքին հիմա Կարենը պատրաստ է ոչ թե ժպտալ, այլ ծիծաղել: «Մինչև հիմա էլ չգիտեմ՝ ով է նա, և չեմ էլ ուզում իմանամ: Եթե առաջ մտածում էի, որ կժպտամ իր երեսին, հիմա բարձր կծիծաղեմ: Ես զարմանում եմ՝ ինչի՞ է դա զարմացնում, որ ես չգիտեմ ինձ հարվածողին: Կան ինչ-որ վատ հետևանքներ, բայց լիքը լավ բան էլ եղավ, չէ:
Ես խելագարության հասնելու աստիճան շնորհակալություններ եմ ուզում ասել մարդկանց, բառեր չեմ գտնում ասելու համար: Ինչքան սիրուն բան է, երբ լրիվ անծանոթ մարդը ցավում է քո համար, ես դա թողնեմ, ընկնեմ ինչ-որ այլ բաների հետևի՞ց»,-ասաց նա:
Կ. Մկրտչյանը նաև ասաց, որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, ինչպես նաև պատրաստ է իր գիտելիքներով օգնել այն մարդկանց, որոնց բուժում է անհրաժեշտ արտերկրում: «Էնքան բանի հետ առնչվեցի այդ ընթացքում, որ պատրաստ եմ կիսվել մարդկանց հետ իմ իմացածով»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Կարեն Մկրտչյանը վերադառնում է Հայաստան