01/09/2014 14:42
Այս տարի առաջին դասարան է հաճախել 40 հազար աշակերտ
Այս տարի առաջին անգամ դպրոց է հաճախել 40 հազար աշակերտ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Հենց այդքան Այբբենարան և Մաթեմատիկայի դասագրքեն են բաժանվել բոլոր դպրոցների առաջին դասարանցիներին»,- նշեց նա՝ հստակեցնելով, որ տարրական դասարանների աշակերտներին դասագրքերն անվճար են տրամադրվում:
Նրա խոսքով՝ թեև կան դպրոցներ, որտեղ առաջին դասարանցիները կա՛մ քիչ են, կա՛մ ընդհանրապես չկան, այնուամենայնիվ ոչ մի դպրոց կանգնած չէ փակման վտանգի առաջ:
«Եթե այս տարի չեն ունենում առաջին դասարանցիներ, ապա հաջորդ տարի անպայման լինում են»,- նշեց բանախոսը՝ շարունակելով, որ այսօր չկա նաև դպրոցները միավորելու խնդիր:
«Միավորվում են դասարանները: Հնարավոր է, որ առաջին և երկրորդ դասարանները մի քանի դպրոցներում միավորվեն»,- ասաց նա՝ նշելով, որ այդ կապակցությամբ մշակվել է հատուկ ծրագիր և մեթոդաբանություն:
Անդրադառնալով սահմանամերձ գյուղերի դպրոցներին՝ Ն. Հովհաննիսյանը նշեց, որ ոչ միայն սահմանամերձ, այլև Հանրապետության բոլոր դպրոցները ապահովված են ջեռուցմամբ:
«Ջեռուցումը խնդիր չէ: Տարեց տարի նաև ավելանում է վերանորոգված դպրոցների թիվը: Կան դպրոցներ, որոնք կաթսայատներով չեն ջեռուցվում, սակայն ջեռուցումը դպրոցներում այլևս խնդիր չէ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է սիրիահայ աշակերտներին՝ ապա նրա խոսքով, ստույգ տվյալներ այս պահին չկան, սակայն սիրահայերի ներհոսքը ցույց է տալիս, որ նրանց թիվը գնալով ավելանում է: