29/10/2014 13:16
Հարությունյան. ԵՏՄ անդամակցումից հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխությունից
«Մենք հստակորեն հետևում ենք բյուջետային ընթացակարգին: Բյուջեում հաշվարկված է այն, ինչ առկա է: Միայն ԵՏՄ անդամակցումից հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխության մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Եթե ձեր հարցը այլ ենթատեքստ ունի, ապա հավելեմ, որ մենք բոլոր ուսումնասիրություններն արել ենք և գիտենք, թե ինչ ծախսեր է նախատեսվում: Այո, այդ ուսումնասիրություններն արված են և դա արել ենք շատ վաղուց, դեռևս այն ժամանակ, երբ նախագծվում էր ԵՏՄ անդամակցության ճանապարհային քարտեզը»,- ասաց Դ. Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի` որևէ գործընթաց հնարավոր չէ հարյուր տոկոսով կանխատեսել: Եվ այդուհանդերձ, նա առավել քան համոզված է, որ դրական կողմերն, ըստ արված կանխատեսումների, ավելի շատ են լինելու: «ԵՏՄ անդամակցության դեպքում՝ այն դրականը, որ Հայաստանը ստանալու է, շատ ավելի բարձր է, քան պատկերացնում են»,- ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Լրագրողի դիտարկմանը` հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, փաստի առաջ կանգնենք, Դ. Հարությունյանը պատասանեց.
«Որևէ մեկը երբևէ 100 տոկոսով երաշխավորված չէ ցանկացած իրավիճակում: Այսինքն` ո՛չ դուք, ո՛չ ես, ո՛չ էլ որևէ փայլուն տնտեսագետ չի կարող որևէ բան կանխատեսել: Տարների շարունակ մեզ հաջողվել է ապացուցել, որ բյուջեն ճիշտ ենք կարողանում կանխատեսել: Հուսով եմ, որ այս տարին ևս բացառություն չէ»: