07/11/2014 18:05
Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը սկսվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Հայկ Կյուրեղյանի գործով դատական առաջին նիստը:
Դատարանում են ամբաստանյալի ընտանիքի անդամները և բազմաթիվ մարդիկ՝ Հայկի լուսանկարներով: Դատական նիստերի դահլիճը լեփ-լեցուն է:
Դատարանում են նաև «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը և նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
Դահլիճում հավաքվածները «հերոս, հերոս» վանկարկումներով դիմավորեցին Հ. Կյուրեղյանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեում գտնվող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին պատկանող «Միցուբիշի Պաջերոիո» մակնիշի, «21 ՕԼ 053» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի տանիքին:
Նա, անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ Ք. Սարդարյանին պատճառելով 284.000 ՀՀ դրամի գույքային վնաս, աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Այնուհետև տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին՝ սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստմասե առարկայով պայթեցնել մարդկանց հոծ բազմության կողքին կայանված ավտոմեքենան, ապա շարունակելով անհնազանդ վարքագիծը և չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին դասկի 2-րդ վաշտի հրամանատար Արայիկ Վիկտորի Աբելյանի՝ ավտոմեքենայի տանիքից իջնելու օրինական պահանջին, և տեսնելով նրա ձգտումը՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ խափանելու իր գործողությունները, կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հիշյալ ատրճանակով կրակել է Ա. Աբելյանի ուղղությամբ և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ճակատի աջ կեսի սալջարդ վերքի ձևով, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 5 րոպե տևողությամբ անհարմարություն պատճառելով տարածքում գտնվող հասարակության անդամներին»։
Նախորդող հրապարակում՝ Պարզվել է Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակողի ինքնությունը
Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակողը կալանավորվել է
Շանթ Հարությունյանի գործով դատի ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է