27/01/2015 11:11
Ի. Տոնոյան. Գագիկ Ծառուկյանը որևէ անձնական շահ չի հետապնդում
«Գագիկ Ծառուկյանը որևէ անձնական շահ չի հետապնդում, այլ բացառապես ընդառաջել է իրեն խնդրանքով դիմած հարյուրավոր քաղաքացիների»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` անդրադառնալով մամուլում առկա այն տեղեկատվությանը, թե Գագիկ Ծառուկյանի ու ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում:
Հիշեցնենք, ԲՀԿ առաջնորդը «Հրազդան» տոնավաճառի առևտրականների հետ օրերս հանդիպման ժամանակ խոստացել է նրանց ավելի լավ պայմաններ տրամադրել, քան նրանք ունեն, ինչը, իբրև թե, խիստ նյարդայնացրել է Աշոտ Աղաբաբյանին, քանի որ նրա բիզնեսին «վայիս» լինող է հայտնվել:
Ի. Տոնոյանը նշեց, որ հարյուրավոր մարդիկ խնդրանքով դիմել են Գ. Ծառուկյանին` իրենց ընդառաջելու ու տարածք տրամադրելու նպատակով և մի քանի տարբերակներ քննարկելուց հետո հստակ որոշում է կայացվել: Ըստ այդմ, տարածքները կտրամադրվեն անվճար շուրջ 300 առևտրականների, անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շինարարության համար անհրաժեշտ ամենն էլ կտրամադրվի անվճար, որպեսզի առևտրականները կարողանան իրենց գործունեությունը ծավալել:
«Գ. Ծառուկյանի կողմից հայտարարվել է, որ այդ տարածքները առաջիկա մեկ-երկու տարիներին կտրամադրվեն անվճար, իսկ հետո արդեն որոշում կկայացվի ըստ իրավիճակի»,- նշեց Ի .Տոնոյանը: