29/01/2015 12:57
Գյումրեցիները 20 րոպեից կլինեն Երևանում. Բողոքի ակցիան նոր թափ է առնում
Գյումրեցիները 20 րոպեից կլինեն Երևանում: Նրանք գալիս են բազմաթիվ սեփական մեքենաներով, որպեսզի հնարավոր խոչընդոտները կարողանան շրջանցել: Պետք է ասեմ, որ մեր ոգին անկոտրում է, պահանջը՝ հստակ, իսկ տրամադրվածությունը` վճռական: Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին քիչ առաջ հայտարարվեց Կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ:
Ցուցարարներին տեղեկացվեց, որ բացի գյումրեցիներից, Հայաստանի այլ շրջաններից ևս ձեռնարկատերեր են շտապում Երևան` միանալու ցույցին ու միասին պահանջելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում:
«Զինվեք համբերությամբ, մենք ստիպելու ու պարտադրելու ենք, որպեսզի մեր պահանջները իրականություն դառնան: Ստիպելու ենք` ով ուզում է լինի»,- հայտարարեց ցուցարարներից մեկը:
Կառավարությունից պատասխանը ցուցարարները ակնկալում են ստանալ 13.30-ին: