20/02/2015 15:46
Նաիրիտցիները երկուշաբթի կրկին կհավաքվեն նախագահականի մոտ
Այսօր Կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա էին նախաձեռնել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Երկար սպասելուց և հոգնելուց հետո գործարանի աշխատակիցները որոշեցին շարժվել դեպի նախագահական նստավայր:
Aysor.am-ի հետ զրույցում գործարանի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենց պահանջն աշխատավարձերի վճարման հստակ ժամանակացույցի մասին որոշումն է, ինչը բանավոր կերպով փոխանցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանին: «Մենք մեր գրավոր դիմումն արդեն փետրվարի 2-ին ենք ներկայացրել, ավելացնելու բան այլևս չունենք»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե Կառավարությունin ինչ պատասխանեցin, Ա. Հարությունյանը պատասխանեց՝ ոչինչ: «Նախարարությունից մի նամակ ստացանք, որտեղ ներկայացված պատասխանում աշխատավարձերի մասով ոչ մի դիտարկում չի եղել»,- նշեց Ա. Հարությունյանը:
Նշենք, որ երեկ Համաշխարհային բանկը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ խոստացել էր օժանդակել գործարանի վերագործարկման գործում: Ա. Հարությունյանից հետաքրքրվեցինք, արդյոք այս հայտարարությունը որևէ հույս չի ներշնչում նրանց, ի պատասխան ասաց՝ ոչ:
«Դա անհիմն կլինի, քանի որ Համաշխարհային բանկը հայտարարել է ներքին աուդիտ անցկացնելու մասին: Իսկ ներքին աուդիտը մեր աշխատավարձերի հետ ընդհանրապես կապ չունի: Մեզ տրված պատասխաններում մեր աշխատավարձերի մասին խոսք անգամ չի գնում»,- ասաց նա:
Ա. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին գործարանի աշխատակիցները նախագահականի մոտ չեն, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք հետ են նահանջելու: «Պայքարը շարունակելու ենք երկուշաբթի օրը, կրկին նախագահական նստավայրի մոտ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Նաիրիտցիները կսպասեն մինչև ուրբաթ