11/03/2015 10:29
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Հովհաննես Մկրտչյանը` Ընկուզնակ գյուղի կոտորածների մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
Սասունի գավառի Ընկուզնակ գյուղի բնակիչ, ականատես Հովհաննես Մկրտչյանի պատմած համաձայն.
«Ընկուզնակն ուներ 40 տուն և 580 բնակիչ, եկեղեցի մը՝ Ս. Ստեփանոս անունով, հինգ ջրաղաց, 2500 ոչխար և 400 տավար: Եկեղեցին ուներ արծաթապատ կողքերով Ավետարաններ, ձեռագիր Ավետարաններ և այլն:
Գյուղն ամբողջապես հրկիզված է:
1914 թ. հուլիսի 20-ին Ընկուզակեն 22-45 տարեկան բոլոր տղամարդիկ զինվոր տարին: Որևէ զինվորացու, եթե որոշյալ ժամանակին չներկայանար, կառավարությունը կը հրդեհեր անոր տունը և կը գրավեր անոր շարժական և անշարժ բոլոր ստացվածքը:
Զորաժողովի ընթացքին Ընկուզակեն բռնի հավաքեցին 2000 չափ ցորեն և գարի, 500 լիտր յուղ: Գյուղեն տարին նաև 800 ոչխար և եզ, 350 զույգ գուլպա և 50 ոսկի:
Ընկուզնակի ոչ զինվորացուներեն 60 մարդ 5 ամիս շարունակ ձրիաբար աշխատուտցին ճամբաներու վրա և հետո Բասուր տանելով՝ իրարու կապելով սպանեցին դաշույնով և հրացանով (1915 թ. օգոտսոսի 15-20-ին):
1915 թ. ապրիլի 7-ին 500 անձե բաղկացած քուրդ խուժան մը ղեկավարությամբ Սլեման աղայի, հարձակվեցավ Ընկուզնակի վրայ:
Գյուղին զինված երիտասարդությունը հաջող դիմադրությամբ մը կարողացավ առանց զոհ տալու՝ ամբողջ ժողովուրդով նահանջել Անդոք լեռը, ուր հավաքական ուժերով կռիվ մղվեցավ թշնամիին դեմ: Այս կռվին մեջ Ընկուզնակեն 14 անձ միայն ազատված են»:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: