13/03/2015 20:30
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Լուսիկ Ասպատուրյանը՝ Չոբանօղլու գյուղի կոտորածի մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
«Վանի ապրիլյան կռիվները սկսած էին: Վանից թնդանոթներու ձայներ կլսվեին: Հազարավոր քրդեր` խուժան կազմած, ձիավոր և ոտավոր, եկան գյուղը կոտորելու: Երբ լսեցինք, տավար-ոչխար, ամեն ինչ թողինք, փախանք Չոմաքլու կոչված լեռը, ուր հավաքված էին 12 գյուղի հայ ժողովուրդը:
Խառակոնիսի կռվի մեջ հայ ռազմիկներում պատռոնները սպառված էին, որով մերոնք հազիվ 10 հոգով կկրակեին՝ պատռոնները խնայելու պատճառով: Խուժանը այն օր հաջողեցավ սպանել մեր ռազմիկներեն միայն մեկը, իսկ ժողովուրդեն՝ 10-է ավելի, մեր գյուղացիներեն սպանվեցան 15 հոգի, իսկ հինգ անձէ բաղկացած Նախոյի տունը (ազգանուն չգիտե պատմողը), որ ապավինած էր քրդի մը տուն, ջարդվեցավ ամբողջովին, իսկ Մարան Մուրադյանի ամուսնուն սպանողը քուրդ էր՝ «ամուսնացած է» իր հետ: Ողջ մնացած ժողովուրդը ամբողջովին Վան թափվեցավ:
Չմոռնանք ըսել, որ հայերու փկիչը եղան Շիրին և ուրիշ մեկ-երկու մարդիկ (անունները չգիտե պատմողը), որոնք կազմակերպած էին ինքնապաշտպանության գործը: Գյուղի բնակիչներեն երեք-չորսը վերադարձած են, մնացածները ցրված են Երևանի, Նախիջևանի, Իգդիրի և այլ շրջաններու մեջ: Մեր գյուղի 3 տան մասին ոչ մի տեղեկություն չկա: Վերջին անգամ զիրենք տեսանք Բերկրի չհասած: Անշուշտ, անոնք ալ սպանված կամ գերի տարված կլինեն: Մեր գյուղացիներեն Էջմիածնի մեջ մեռած են 15 հոգի, Մարգարա գյուղին մեջ՝ 8 հոգի, Իգդիրի մեջ՝ 9 հոգի:
Պատմողը անգրագետ, մոտ 40 տարեկան կին մըն է:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: