09/05/2015 15:50
Ոստիկանապետը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին. Ամեն ինչ ուռճացնում են
«Ես գիտեմ, որ կա քրեական գործ հարուցված և քննություն է գնում, մարդիկ կան, անձերը կան, ոստիկանությունը ի՞նչ պետք է անի»,- այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպին:
Հարցին՝ անպատժելիությունից չէ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին պարբերաբար հայտնվում է միջադեպերի կիզակետում, նա պատասխանեց, որ դա Քննչական կոմիտեի ու Դատախազության գործերն են, սակայն ամեն ինչ շատ հաճախ ուռճացվում է:
Ոստիկանապետը ասաց, որ Սյունիքը, Գյումրին և մյուս տարածքները ոչնչով չեն տարբերվում, մի քիչ էթնիկ բնավորության տարբերություններ կան, ասենք սարի ժողովուրդը մի քիչ ավելի ագրեսիվ է լինում, իսկ լոռեցիները շատ ավելի հանգիստ են լինում, բայց մեկ էլ կտեսնես՝ լոռեցին մի այնպիսի բան կանի, որ կզարմանաս:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը չի քաղաքականացվում, քանի որ ձերբակալման որոշում կայացնում են դատարանները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում:
«Քաղաքականացվածության մեջ ոստիկանությանը մեղադրելը, մեղմ ասած, ճիշտ չի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում ավելացել են աղմկահարույց գործերը, Վ. Գասպարյանը խորհուրդ տվեց հետևել իրենց կայքին, իսկ այդ ձևակերպումը «մեղմ ասած, սխալ» անվանեց:
«Դա խոսում է այն մասին, որ չեք տիրապետում իրավիճակին, նայեք մեր կայքը ամեն օր: Գյումրիում ի՞նչ եղավ. երկու սպանությունը բացահայտվել է, մյուսն էլ՝ շուտով, սպանությունները լինում են և բացահայտվում են, այլ երբ քնացնում են գործը, դա է վտանգավոր, բայց մենք դրանում առիթ չենք տվել մեզ վիրավորել»,-ասաց նա:
Հարցին, թե տեսակետներ կան, որ հունվարից քրեական իրավիճակը սրվել է երկրում, և Վ. Գասպարյանը՝ որպես ոստիկանապետ, զիջել է իր դիրքերը, ոստիկանապետը պատասխանեց.«Ես նմա՞ն եմ զիջող մարդու»: