20/05/2015 17:24
Կոստանյանը՝ Մարտի 1-ի մասին. Սայլը տեղից շարժվել է, բայց հասարակությանը տեսանելի չէ
Ինչպես ավելի վաղ հայտնել էին, ԱԺ-ում ՀՀ գլխավար դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ներկայացրեց Գլխավոր դատախազության գործունեության վերաբերյալ 2014 թվականի հաշվետվությունը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է բռնությամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալու առաջարկը, որի մասին պատգամավորը նաև ԱԺ օրինագիծ էր ներկայացրել։ Ի պատասխան հարցին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ոչ միայն մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալու, այլ առհասարակ հանցագործություններում պատճառված վնասի փոխհատուցման մասին օրինագծին ընդառաջել են
«Դուք մեզ առաջարկում էիք, որ քննարկման առարկա դարձնենք ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան, սակայն առանց այդ վավերացնելու էլ մեր երկրի օրենսդրությունը և միջազգային փաթեթները բավարար հնարավորություն են տալիս ձեր կողմից առաջադրված հարցերի լուծման համար։ Օրինակ` ԱԺ-ում արդեն ընդունվել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, բացի այդ, արդեն փոխվել են որոշ հոդվածներ, ինչպես նաև մշակվում է նոր օրինագիծ` բռնությամբ կատարված հանցագոծությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցելու մասին»,- ասաց Գլխավոր դատախազը։
Սակայն ՀԱԿ պատգամավորը Գևորգ Կոստանյանին նաև հիշեցրեց իրենց հանդիպման ժամանակ տրված խոստումները, մասնավորապես այն, որ Կոստանյանը խոստացել էր Մարտի 1-ի գորոծով սայլը տեղից շարժել։ Այժմ Արամ Մանուկյանին հուզում է, թե Մարտի 1-ի գործով ի՞նչ առաջընթաց կա, չէ՞ որ խոստումից անցել է 6 ամիս։
«Սայլը տեղից շարժվել է, իսկ սայլի շարժումը հասարակության մոտ տեսանելի չէ, քանի որ նախաքննության շահերից ելնելով` անհրաժեշտություն չենք գտնում այդ մասին խոսել, քանի որ քրեական գործով ավելի կամ պակաս տեղեկատվություն տալը քրեական գործի շահերից չի բխում»,- նշեց Կոստանյանը։
ՀԱԿ խմբակցութան քարտուղարն անդրադարձավ Բաղրամյան 26-ի դիմաց որդեկուրույս մայրերի նկատմամբ ոստիկանների կողմից կատարված գործողություններին և դատախազի գնահատականը պահանաջեց։ Դատախազը նկատեց, որ այնպիսի տպավորություն է, որ եթե ոստիկանությունը ուժ է կիրառում, ապա անօրինական է, սակայն Գ. Կոստանյանն ընդգծեց, որ ոստիկանությունն ունի համապատասխան մանդատ և կարող է ուժ կիրառել:
«Մի շարք պետություններում սահմանափակում են դրել հանրահավաքներ անցկացնելու համար, մենք նման բան չենք արել, ընդամենը օրենքում ամրագրված է, որ հանրահավաքն անցկացվի այն վայրում, որտեղ չի խոչընդոտի բնականոն աշխատանքը։ Հիմա պետք է պարզել` այդ վայրում` նախագահական նստավայրի դիմաց, հանրահավաքը չէ՞ր խոչընդոտում բնական աշխատանքներին, հո՞ այնպես չէ, որ որտեղ ուզես, կարող ես հանրահավաք անել»,- շեշտեց Գևորգ Կոստանյանը։