20/05/2015 13:36
Բողոքի ակցիա՝ նախագահականի մոտ. Պահանջում են պատասխանատվության ենթարկել զինվորների մայրերին քաշքշած ոստիկաններին
Այսօր նախագահական նստավայրի մոտ անցկացվեց զոհված զինծառայողների մայրերի, նրանց սատարող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների բողոքի ակցիան:
Սրանով զոհված զինվորների մայրերին միացածները ցանկանում են սատարել նրանց՝ բարձրացնելով մայիսի 13-ին նույն տեղում եղած միջադեպին մասնակից ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ նախագահականի մոտ զոհված զինվորների մայրերի ու տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների միջև տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո մայերը դիմել են ոստիկանություն ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:
Այսօրվա ակցիային միացած ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն անընդունելի համարեց տեղի ունեցածը.
«Բնական է, որ ցանկացած հավաք նախագահականի մոտ ընկալվում է որպես վտանգ իրենց իշխանությանը: Նրանք ավելի շատ կգերադասեն, որ դա լինի կառավարության կամ ԱԺ մոտ, միայն ոչ նախագահականի մոտ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ հաճախ բանակում տեղի ունեցող պատահարները չեն բացահայտվում, քանի որ այն ևս կոռումպացված է:
«Բնական է, որ զինվորների ծնողները վդովված են»,- ասաց Լևոն Զուրաբյանը: