04/08/2015 10:52
Սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Օգոստոսի 4-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հայաստանի տարածքում օգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին էապես չի փոխվի, 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով:
Օգոստոսի 4-ի ցերեկը սպասվում է +38-ից +40, օգոստոսի 4-իերեկոյան՝ +34 +36, օգոստոսի 5-ի գիշերը՝ +22+24 աստիճան ջերմություն: