21/04/2017 12:49
Հանրաքվեից հետո Եվրոպական դարպասները Թուրքիայի առջև փակվել են. Գևորգ Յազըճյան
Անցկացված հանրաքվեից հետո Եվրոպան հասկացնում է Թուրքիային, որ վերջինս Եվրոպայում տեղ չունի, լրագրողներին ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը:
«Թուրքիան 60 տարի մուրացկանի նման Եվրոպայի դարպասների մոտ սպասեց, բայց եվրոպական դարպասները Թուրքիայի առջև փակվել են», - ասաց նա:
Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական ամենամեծ պարտությունը Թուրքիան կրել է արաբական երկրներից:
«Սիրիայում և Իրաքում թուրքական զինվորական ներխուժումները իրենց արդյունքը չեն տվել: Երկու պետություններն էլ Թուրքիայի այդ քայլը ագրեսիա են համարում իրենց պետությունների նկատմամբ: Ժամանակին սունիները թուրքերի նկատմամբ համակրանք ունեին, բայց հիմա այդ համակրանքը նվազել է», - նշեց նա:
Յազըճյանն ընդգծեց, որ Թուրքիայի հարաբերությունները Իրանի հետ ևս լավ չեն. «Իրանը ուժեղ պետություն է, և Թուրքիան չի կարող օգտագործել Իրանի սահմանային գոտում մեծ թվով ադրբեջանցիների գործոնը»:
Բանախոսի դիտարկմամբ՝ Թուրքիան համեմատաբար լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, որը «տնտեսական գործոններով այսօր վերածվել է թուրքական հովանավորյալ տարածքի»: