25/04/2017 12:13
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նպատակը Եվրոպական դատարան դիմելն է. Լևոն Զուրաբյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարանից որևէ ակնկալիք չունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Սահմանադրական դատարան դիմելով՝ երկու նպատակ ենք հետապնդել: Առաջինը՝ մեր ու միջազգային հանրությանը ներկայացնել այս ընտրությունների վերաբերյալ ճշմարտությունը, և, ընդհանրապես, Հայաստանում ստեղծված աղճատված ընտրական համակարգը: Երկրորդ՝ սպառելով դատական ներքին ատյանները՝ դիմել Եվրոպական դատարան», - նշեց նա:
Խոսելով «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի ձայնագրությունների մասին, որոնք տեղ են գտել դաշինքի դիմումում, Լևոն Զուրաբյանը նշեց, որ դրանց լուծման մասով պատրանքներ չունի:
«Ես ոչ մի պատրանք չունեմ, քանի որ դա միայն ՍԱՍ-ի Արտակը չի արել, այլ արել են անխտիր բոլորը: Մենք մեր հայցում դրա մասին խոսել ենք, բնականաբար, իրենք պետք է ամեն ինչ անեն այս գործին հնարավորինս քիչ կարևորություն տալու և դրա իրավական հետևանքները հնարավորինս նվազեցնելու համար», - հավելեց նա: