13/06/2017 13:34
«Ռումբ եք բերե՞լ, հարգելի պաշտպան». Սեֆիլյանի փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել դատարան
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսվածից մեկ ժամ անց միայն մեկնարկեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:
Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը չցանկացավ ենթարկվել դատական կարգադրիչների՝ փաստաթղթեր ներկայացնելու և պայուսակը զննելու պահանջին:
«Զննեք, բայց առանց պայուսակը բացելու, որովհետև բացելու դեպքում խուզարկություն է ստացվում», - դիմելով կարգադրիչներին՝ հայտարարեց Հայրապետյանը:
«Ցույց է տալիս, որ մետաղական որևէ բան կա պայուսակի մեջ, ռումբ եք բերե՞լ, հարգելի պաշտպան», - հետաքրքրվեց ավագ կարգադրիչը, ինչին Հայրապետյանը արձագանքեց. «Ձեր դատավորը ռումբ բերո՞ւմ ա դատարան, դատախազը բերում ա՞: Կարող ա՞ մի քանի անգամ բերել եմ, կասկածներ ունեք»:
Պաշտպանն ասաց, որ իր ակնոցն է պայուսակում, սակայն կարգադրիչները արձագանքեցին, որ չեն հավատում նրան: Փաստաբան Հայրապետյանի համար տարօրինակ է նման խիստ հսկողությունը:
Նույնը կատարվեց նաև փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ. երբ նրա պայուսակին դիպչելիս մետաորսիչը ձայն հանեց, կարգադրիչները պահանջեցին բացել այն, սակայն փաստաբանը չենթարկվեց պահանջին ու լուռ դուրս եկավ դատարանի շենքից:
Այդուհանդերձ, Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների միջնորդությունից հետո փաստաբաններին հաջողվեց մուտք գործել դատարան:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանում տեխնիկական բավարար միջոցներ չէին ապահովվել: