13/06/2017 14:04
Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց մեկ ժամով
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և ևս 7 մեղադրյալների գործով դատական առաջին նիստում մեղադրյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:
Փաստաբանը, ընթերցելով միջնորդությունը, կասկած հայտնեց, որ դատավորը կարող է այս գործով օբյեկտիվ քննություն իրականացնել:
«Առկա է հիմնավոր կասկած, որ դատավորը ցուցաբերել է կողմնակալություն և չի կարող լինել օբյեկտիվ: Սույն գործով ունի կողմնակալ վերաբերմունք, ունի այնպիսի համոզմունք, որը չի բխում օբյեկտիվ փաստերից», - հայտարարեց փաստաբան Պապիկյանը:
Նա ասաց, որ այս քրեական գործը կազմված է 36 հատորներից, որն ունի 3 հազարի ավելի էջ և դատավորը քրեական գործի նյութերը ուսումնասիրել է 7 օրերի ընթացքում. այս քրեական գործի նախաքննության ավարտից մինչև դատական առաջին նիստի նշանակման պահը ուսումնասիրել է 7 օրվա ընթացքում:
«Այդ յոթ օրերի ընթացքում դատավոր Գրիգորյանը իր վարույթ է ընդունել ևս այլ 4 քրեական գործեր, այսինքն՝ ուսումնասիրել է դրանք: Միաժամանակ անցկացրել է դատական նիստեր: Ակնհայտ է, որ դատավորը քրեական գործի քննությունը նշանակել է առանց դրա ուսումնասիրման», - հայտարարեց Պապիկյանը:
«Օբյեկտիվության տեսանկյունից դուք ոչ պատշաճ դատավոր եք», - իր հերթին միջնորդությունը պաշտպանեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Այս գործով դատախազը առարկեց միջնորդությանը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց մեկ ժամ ընդմիջում և անցավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության մասին որոշում կայացնելու համար: