09/10/2017 18:29
Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծով չենք որդեգրել զուտ պատժողական քաղաքականություն. Արդարադատության նախարար
Վաղուց հասունացել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունելը, այսօր օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա վկայակոչեց ոստիկանության վիճակագրությունը, որի համաձայն 2012-2016 թվականները Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք:
«Այս թվերը պաշտոնական թվեր են: Այն, որ այս առումով ստվերային թվերը շատ ավելի մեծ են, դա անխոս է ու դրա մասին խոսում են բազում հետազոտություններ», - հայտարարեց Հարությունյանը:
2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են գրանցված սպանությունների 17 տոկոսը: Միայն 2015-ի առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունենրի դեպքերով, հարուցվել է մի քանի տասնյակ քրեական գործ:
«Ամենամտահոգիչ հանգամանքը այն է, որ գործերի զգալի, բավականին մեծ հատվածը վերաբերել է ընտանիքի անդամի կողմից անչափահասի նկատմամբ ոտնձգությանը», - ասաց Հարությունյանը:
Ընտանեկան բռնությանը վերաբերող գործերը քննելիս, նախարարի խոսքով, բացահայտվում է, որ այդ ընտանիքում բռնությունը տևական բնույթ է կրել և շատ հաճախ սպանությունը այդ բռնության կուլմինացիան է:
Նախարար Հարությունյանը ցրեց այս նախագծի ընդդիմախոսների այն մտահոգությունը, թե նախագծով ծնողները զրկվում են ծնողական որոշ իրավունքներից կամ սահմանափակվում են նրանց իրավունքները:
«Մենք չենք գնացել քրեական պատասխանատվությունը խստացնելու ճանապարհով և չենք որդեգրել զուտ պատժողական քաղաքականություն: Նախագծի նպատակը առաջին հերթին ընտանեկան բռնությունը կանխարգելելն է, ուստի նախատեսվող սահմանափակումները, որոնք կան նախագծում, նախատեսում են ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ բնույթ», - հստակեցրեց նախարարը:
Նախագծով նախատեսված է նաև հաշտարարության մեխանիզմ, որը շատ երկրներում դրական արդյունքներ է տվել:
«Հաշտարարությունը, փաստորեն, կանխել է ընտանիքում հետագա բռնությունները», - հավելեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել ապաստարաններ, աջակցման կենտրոններ: