11/10/2017 12:17
Զինծառայողներին տրվող 150 կմ-ի արտոնությունը կհանվի, փոխարենը թույլ կտան հաճախ գնալ արձակուրդ. նախարար Սարգսյան
Հայաստանի պաշտպանական համակարգին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումներով տարածքային սահամանփակումները հանվելու են, այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Քաղաքացին վիճակահանության ժամանակ չի կարող քաշել այնպիսի զորամաս, որն իր բնակավայրից 150 կմ մոտ շառավղով լինի։ Սա բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, ապա հնարավորությունները պետք է հավասար լինեն։ Օրինակ՝ Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը գտնվում է 60 կմ հեռու: Կարծում ենք, դա ձևական բնույթ է կրում: Փոքր տարածքով հանրապետության պարագայում սա որևէ խնդիր չի լուծում, ընդամենը ձևական է, որ մենք արտոնություն ենք տալիս», -հստակեցրեց նախարարը։
Այս պարագայում, օրինագծի հեղինակները առաջարկում են տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնություններով, որը վերաբերում է «Ես եմ» ծրագրին։
«Եթե երիտասարդն ունի արտոնություն, բայց ուզում է «Ես եմ» ծրագրով ծառայել, մասնակցել զորակոչին, կարող է արտոնությունից չօգտվել, ծառայությունն անցկացնել առաջնագծում։ Ծառայության ընթացքում արտոնության դեպքում մեկ արձակուրդի տեղը տրվում է 3 արձակուրդ: Արտոնությունը նրա համար էր, որ ծնողը հեշտ այցելի զորամաս, իսկ մենք այսպես թույլ ենք տալիս 3 անգամ գնալ տուն՝ 6 ամսում», - ասաց պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումն ապագա սպայական ծառայության հետ կապելն է: