07/12/2017 12:27
Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է պապիլոմավիրուսի մասին քննարկում
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նախաձեռնում է պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ քննարկում:
«Իմ և մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 18-ին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու համար պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ», - տեղեկացնում է պատգամավորը։
Նա նաև հորդորել է բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներին ներկա գտնվել նիստին ու ներկայացնել կարծիքներ:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 11-ից, սակայն ոչ թե դպրոցներում, այլ տեղամասային պոլիկլինիկաներում։ Պատվաստումն իրականացվելու է 13-14 տարեկան աղջիկների շրջանում, իսկ ավելի հստակ կպատվաստվեն 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկները, որոնց թիվը կազմում է շուրջ 16 հազար։ Երեխաները պատվաստվելու են երկու դեղաչափ, որոնց մեջ ինտերվալը լինելու է վեց ամիս։ Պատվաստվելու են «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով: