05/02/2018 15:22
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է «Մեդիալաբ»-ի խմբագրին ուղղված սպառանալիքները
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները:
«Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքները, ատելության դրսևորում է մամուլի ազատության դեմ», - ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, որը տեղադրված է Twitter-ում:
Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ մամուլի ազատությունը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար:
“Attacks on the media, such as those advocating harm to the director of @MediaLab recently, are an anathema to a free press that is vital to democracy.”
— US Embassy, Armenia (@usembarmenia) February 5, 2018
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը Facebook սոցիալական ցանցում լուրջ սպառնալիք է ստացել, որի պատճառը եղել է լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
Սպառնացողը վախեցրել է, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։ Ավելի ուշ Մարիաննան հայտարարել էր, որ սպառնալիքները թեժացել էին՝ թիրախավորելով նաև անչափահաս դստերը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը օրերս հայտարարել էր, որ «Մեդիալաբ» կայքի խմբագրության նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։