12/02/2018 18:07
Մալիի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին
Փետրվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մալիի նորանշանակ դեսպան Տիեֆինգ Կոնատեին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Կոնատեին՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալիի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Մալիի դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խթանման համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի զարգացման շուրջ։