19/03/2018 12:49
Նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը գումարվելու է մարզահամերգային համալիրում
Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է գումարելու, որի ժամանակ որոշվելու է, որ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:
Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:
Ըստ արարողակարգի, նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:
Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանաված երդմամբ հանդես է գալիս նորընտիր նախագահը:
Այնուհետև ելույթով հանդես են գալու Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր նախագահը:
Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված: