27/06/2018 16:18
Թաիլանդում չորրորդ օրն է՝ փնտրում են քարանձավում կորած երեխաներին
Թաիլանդում արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են կորած 12 դեռահասների ու ֆուտբոլի նրանց մարզչի որոնումները: Ենթադրվում է, որ պատանի ֆուտբոլիստները և նրանց ուսուցիչը հեղեղումների պատճառով արգելափակված են մնացել Թհամ Լուանգի քարանձավում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փրկարարաորոնողական աշխատանքների անցկացումը դժվարացնում են այդ շրջանում շարունակվող հորդառատ անձրևները: Փրկարարներն այժմ փորձում են գտնել քարանձավի ևս մեկ մուտքը, քանի որ գլխավորն անհասանելի է դարձել բարձրացող ջրի պատճառով: Դեռահասների խմբի հետ կապը կորել է անցած շաբաթ օրը՝ հունիսի 23-ին: Այդ ժամանակվանից թիմից ոչ ոք կապի մեջ չի մտել: Միակ բանը, որը մատնանշում է նրանց գտնվելու վայրը, հեծանիվներն են, որոնք թողել են քարանձավի մուտքի մոտ:
Փրկարարները փորձեր են ձեռնարկել ջուրը պոմպով դուրս մղել քարանձավի հեղեղված տեղամասերից, սակայն այդ ջանքերը զուր են անցել այն բանից հետո, երբ լույս չորեքշաբթի գիշերը անձրևներն ուժեղացել են, և քարանձավում ջրի մակարդակը կրկին զգալիորեն բարձրացել է: Փրկարարներին օգնում են տասնյակ կամավորներ. հիմնականում նրանք դայվերներն են, որոնք ջրով ողողված քարանձավներում աշխատելու փորձ ունեն: Անձրևների տարեշրջանում, որը Թաիլանդում շարունակվում է հունիս ամսից մինչեւ հոկտեմբեր, ջրի մակարդակը քարանձավում բարձրանում է մինչև 5 մետր: Սակայն, ինչպես նշվում է, Թհամ Լուանգի քարանձավային համալիրում կան անխորտակելի չոր խցեր, որոնցից մեկում էլ կարող են գտնվել դեռահասները: Ուստի, փրկարարների խոսքով, մեծ է այն բանի հավանականությունը, որ երեխաները և մարզիչը ողջ են, թեև, ինչպես նշում են իշխանությունների ներկայացուցիչները, դեռահասներն իրեց հետ ուտելիք չունեն:
Երեքշաբթի Ջրասուզակները, որոնք մասնակցում են խմբի որոնումներին, հայտնել են, որ քարանձավում հայտնաբերել են թարմ հետքեր: Կորած խմբում 11-ից մինչև 16 տարեկան դեռահասներ են, նրանց մարզիչը՝ 25 տարեկան է: Պատանի ֆուտբոլիստների որոնումներն սկսվել են շաբաթ ուշ երեկոյան այն բանից հետո, երբ նրանց ծնողները տեղեկացրել են, որ երեխաները տուն չեն վերադարձել: