10/07/2018 17:00
Ընտրություններում անցողիկ շեմի նվազեցումը Հայաստանի զարգացման տեսանկյունից ճիշտ չէ. Դավիթ Հարությունյանը մտահոգություններ ունի
Հայաստանում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված կառավարությանն առընթեր հանձնաժողովն առաջարկել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը դառնա 4 տոկոս՝ նախկին 5 տոկոսի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար 6 տոկոս՝ նախկին 7 տոկոսի փոխարեն։
«Մենք ուսումնասիրել ենք աշխարհի ամենաժողովրդավար երկրների փորձը։ Աշխարհի ամենաժողովրդավար 40 երկրներում, այնտեղ, որտեղ խորհրդարանը ընտրվում է համամասնական ընտրակարգով, անցողիկ միջին շեմը 3.9 տոկոսն է։ Բավականին լավ կլինի պետության համար, եթե խորհդրարանը առավել ներկայացուցչական լինի», - այսօր խորհրդարանում ԸՕ բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստում իրենց քայլը բացատրեց կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
Կառավարությանը կից հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ խորհրդարանական աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ուներ որոշ մտահոգություններ։
«Մենք միշտ պետք է ելնենք Հայաստանի վերաբերյալ քաղաքական տեսլականից։ Քաղաքական տեսլականի առումով մենք իսկապես խնդիր ունե՞նք, որ փոքր ուժերը ավելի տրոհեն խորհրդարանը։ Այսօր Ազգային ժողովում ամենափոքր ֆրակցիան Դաշնակցություն կուսակցությանն է՝ 7 անդամով։ Ինչքանո՞վ է ճիշտ ունենալ դրանից ավելի փոքր ֆրակցիաներ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի զարգացման տեսանկյունից դա ճիշտ չէ, որովհետև ինչքան փոքրանում են ֆրակցիաները, այնքան ավելի դժվար տեղի է ունենում կոնսոլիդացիան, որովհետև ֆրակցիաների քանակն է ավելանում», - ասաց քաղաքական գործիչը։