13/08/2018 19:10
Գլխավոր դատախազությունը կքննարկի Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարան դիմելու հարցը
ՀՀ գլխավոր դատախազությունում դեռ չեն որոշել` արդյոք կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին, թե` ոչ, Aysor.am-ին այս մասին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա նշեց` Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:
«Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել: Վերաքննիչ դատարանից կստանանք որոշումն ու կքննարկենք հարցը», - ասաց Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, այսօր Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։
Դատարանի շենքից դուրս գալուց հետո փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատարանը վերացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է։
ՀՀ երկրորդ նախագահն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: