06/02/2019 14:04
Հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք ինչո՞ւ եք մեղա գալիս. Արայիկ Հարությունյանը՝ ԿԳՆ նոր նախագծի մասին (Տեսանյութ)
Շրջանառության մեջ ենք դնելու նախագիծ, որով գնահատվելու են բուհերի գիտահետազոտական կենտրոնների արված աշխատանքները, պոտենցիալը ու ըստ այդ վարկանիշավորման՝ կառաջարկենք, որպեսզի 2020-ից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Երևի հենց այսօր շրջանառության մեջ կդրվի: Ինձ մոտ նախագիծն արդեն կա», - ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ նման որոշում ընդունելուց հետո ԿԳ նախարարը որոշեց մեկ այլ նախագիծ ներկայացնել, արդյոք սա նշանակում է, որ նախարարությունը փորձում է քավել մեղքերը՝ շտկելով սխալները, Հարությունյանն ասաց.
«Սա կռիվ չի, որպեսզի մեղայականով լինի: Քննարկումներ կան, հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք ինչո՞ւ եք մեղա գալիս, երբ չենք լսում, ասում եք, որ բիրտ ուժ ենք կիրառում»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:
Որոշման հետևանքով բազմաթիվ գիտաշխատողներ այսօր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև։ Արդեն իսկ աշխատանքից ազատման ծանուցում է ստացել ԵՊՀ շուրջ 450 աշխատակից: