25/04/2019 11:53
Ցանկալի չէ, երբ պետական գաղտնիքի կրող նախկին բարձրաստիճան պաշտոնյան ապաստան է խնդրում այլ երկրից. Թունյանը՝ Միհրան Պողոսյանի մասին
Ես ժպիտով եմ դրան վերաբերում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ խոսելով ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու մասին:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ վատ է վերաբերում նման իրավիճակին:
«Ամենևին ցանկալի չէ, երբ քո երկրի բարձրաստիճան պաշտոնյան, որոշ իմաստով պետական գաղտնիքի կրողը, ապաստան է խնդրում այլ երկրից», - ասաց Թունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։
ՀՔԾ լրատվական ծառայությունից Aysor.am-ին հայտնել էին, որ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Մոսկվայում, ՌԴ իրավապահների կողմից ու ձերբակալվել է: