04/02/2021 17:22
Պատերազմի բժիշկները. Արմեն Մուրադյան. Աստծո աջն անպակաս է լինելու մեր ժողովրդից. «Հաղթահարելու ենք» (Տեսանյութ)
Պատերազմի առաջին օրերից «սպիտակ բանակ»-ում էր Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։
Բժիշկ Մուրադյանը նշում է՝ բժիշկը միշտ այնտեղ է, որտեղ կարող է ու ինքը հոգու կանչով պետք է լինի։
««Սպիտակ բանակի» գաղափարախոսությունը պահանջում էր նաև կանոնակարգված զինվորական կարգապահությամբ իրականացնել առաքելությունը մեր զինվորների, խաղաղ բնակչության հետ կապված», - ասում է նա։
ԵՊԲՀ ռեկտորի խոսքով՝ բոլորը պետք է գիտակցեն՝ կյանքը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո պետք է փոխվի։
«Մեր տղաներից մեկը, որը ռազմաբժշկական ֆակուլտետեի շրջանավարտներից էր, խոսք վերցրեց, երբ մեր 32 բժիշկների, ուսանողների հետ կապված հուշ-երեկո էինք անում, ասաց՝ «մենք այնտեղ էինք, որտեղ սպանելն ավելի հեշտ էր, քան՝ փրկելը»։ Այդ պատճառով մեր տղաներից մեկը զոհվելուց առաջ բացատրում էր, որ անգամ վիրավոր թշնամուն, որպես բժիշկ, պատրաստ է օգնել», - պատմում է Մուրադյանը։
Բժիշկներից մի քանիսը զոհվել են հենց այսպես պարտքը կատարելիս։
Բժիշկ Մուրադյանը պատմում է Սաշա Ռուստամյանի օրինակը, ով փորձել էր օգնել վիրավոր ձևացող թշնամուն, սակայն սպանվել է։
«Այնուամենայնիվ, ես հպարտանում եմ այդ օրերով, որ եղել եմ «սպիտակ բանակի» մի մասը. այլ կերպ չեմ պատկերացնում, որ կարող էր լինել», - ասում է ԵՊԲՀ ռեկտորը։
Արմեն Մուրադյանի խոսքով՝ բոլոր պատերազմները հանդիսացել են բժշկության զարգացման խթան ու բժշկությունը մեծ փորձ է ձեռք բերում. երիտասարդ բժիշկները կերտվում են պատերազմում։
Բժիշկը լավատես է ապագայի նկատմամբ. նշում է՝ «հաղթահարելու ենք» կարգախոսն ու ավելացնում՝ պետք է պարտադիր կրկնակի ուժով աշխատել, պետք է պարտադրի կրկնակի վստահությամբ գնալ դեպի լավ ապագա մեր երեխաների համար։
«Աստծո աջն անպակաս է լինելու մեր ժողովրդից», - վստահ է պրոֆեսոր Մուրադյանը։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։