08/10/2011 12:13
Էջմիածինը 2696 տարեկան է
Այսօր տոնվում է Էջմիածնի 2696 ամյակը։ Սպասվում է տոնակատարությունների շքեղ շարք։
Այժմ Էջմիածնի պետական քոլեջի վերանորոգված հանրակացարանի բացման արարողությունն է:
Էջմիածնում գտնվող մեր թղթակիցը հայտնում է. Հավաքվածներին ողջունել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն` ասելով, որ շատ ուրախ է քաղաքի տոնը սկսել նորամուտով և բնակիչներին է հանձնել իրենց նոր բնակարանների բանալիները:
«Այսօր դա իրականություն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությամբ, որի համար մեր շնորհակալություն ենք հայտնում»,-ասել է Էջմիածնի քաղաքապետը:
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հիմնանորոգված հանրակացարանի բացմանը նշեց, որ այս շենքը գտնվելիս է եղել կրթության և գիտության հաշվեկշռին:
«Այս շենքի բնակիչները ՀՀ Նախագահի` Էջմիածին այցելության ժամանակ միահամուռ կերպով Նախագահին խնդրեցին, որ շենքը որպես սեփականություն հանձնվի իրենց: Նախագահը հանձնարարեց կառավարությանը, որ շենքը նվիրվի համայնքին, այնուհետև այս շենքի բնակիչները մոտ մեկ ու կես տարի Բաղրամյան 26-ի դիմաց Նախագահից պահանջել էին, որպեսզի այն վերանորոգվի և ամրապնդվի, քանի որ գտնվում էր վատ վիճակում»:
Նրա խոսքերով` ՀՀ Նախագահը հանձարարեց և այսօր շենքը վերանորոգված է, ամրացված, 59 բնակիչ ապահովված են բնակարաններով, ինչի համար ծախսվել է մոտ 400.000 դոլար:
Փոխանցելով Նախագահի խոսքերը` ուղղված շենքի բնակիչներին, Հ. Հովսեփյանն ասաց, որ Էջմիածնի հետ կապված ծրագրերը լինելու են շարունակական: