01/03/2013 11:19
Լրագրողի նոթերից. Խմբագրականի փոխարեն. Մարտի մեկի ու որոշումների մասին
Կյանքիս առաջին ընտրությունը 2008 թվականին էր. Առավոտյան արթնացանք ու ամբողջ ընտանիքով գնացինք ընտրատեղամաս: Մինչև այդ հասցրել էի վիճել տանեցիների հետ. Մեր քաղաքական հայացքները երբեք չեն համընկել: Հայրս պնդում էր, որ պետք է գնալ ընտրության` ինչ էլ լինի, պարտք ես պետությանը, պիտի քվեարկես. Գնացի, հասա ընտրատեղամաս, մեքենայից չիջա: Սիրտս ցավում էր, ինչպես լինում է վատ կանխազգացումից, երբ հստակ չես էլ հասկանում` ստամոքսդ է ցավո՞ւմ, թե ներքին ձայնդ է վատին պատրաստում: Այդ օրը քվեաթերթիկ չվերցրեցի ձեռքս. Գիտեի, որ ինչ-որ բան է լինելու. Գիտեի, որ պատասխանատու եմ լինելու նրա համար, ինչ լինելու է. Գիտեի ու խուսափում էի այդ պատասխանատվությունից:
Հետո հանրահավաքներ, էլի վեճեր ընկերների, հարազատների հետ... ինչ սիրուն էր մարդկանց հավատն այդ պահին, ինչ անկեղծ էր մարդկանց մոլորությունը. Հետո կուռքերի տապալում` մյուսների ու հատկապես ինձ համար. Հետո մարդիկ, ում հավատում էի անբեկանելիորեն, օտարացան ամենաօտարից էլ շատ, հետո թշնամանքը մտավ մեր մեջ, մեր ընտանիքներ, հետո մենք բաժանվեցինք երկու մասի:
Մարտի մեկին ընկերուհուս ծննդյան օրն է. Վիճակը խառն էր, բայց որոշեցինք անպայման նշել. Վերջին ծննդյան օրն էր Հայաստանում: Երեկոյան վերադառնում եմ տուն. Տաքսու մեջ ռադիոընդունիչն ասում է` արտակարգ դրություն է: Արտակարգ դրությո՞ւն, Հայաստանո՞ւմ. Չի կարող լինել: Առաջին անգամ սկսում եմ վախենալ.
Հետո զանգ առավոտյան... Օպերան լվանում են, քաղաք չիջնես. Հետո անզորություն, հետո վախ` համարյա կենդանական, անբնական, սեփական երկրում, սեփական տանը:
Հետո հանրահավաքի գնացած ընկերներիս պատմածները, հետո զինվոր ընկերներինս. Ընդհանուր վախն ու հավատի կորուստը... ավելի հետո` ստեր, ստեր, ստեր: Ոստիկանին թշնամի կոչել, զինվորին` թուրք, հանրահավաքի գնացողին` դավաճան. Հետո` էլ ոչինչ:
Հետո արդեն որոշումների պահն էր. Կյանքը բաժանվել էր մինչև Մարտի 1և դրանից հետո: Ես որոշեցի. Փոխեցի ամեն ինչ, ու խոստացա` երբեք չհավատալ մինչև վերջ ու երբեք չբաժանել մարդկանց` իմ ու օտարի: