03/12/2014 20:35
Զինվորի օրագիր. «Դեպի հայրենական օջախներ, վազքով մա՛րշ...»
Aysor.am-ը ներկայացնում է դիրքապահ զինվորի օրագրի նոր հատվածը:
***
Զինվորի օրագիր
Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս
Մաս 8
Իսկ դուք բանակից «դեմբել» ճանապարհած կա՞ք:
Էդքան տխուր ու ուրախ զգացողություն չկա էլ երևի, համենայնդեպս` բանակում:
Առաջին «ուվալնյատը», որ տեսել եմ, եղել ա երբ մի շաբաթվա ծառայող էի:
Էն ժամանակ լրիվ մտքերս խառն էին ու տենց հարազատ դեմբել չկար, նենց որ առանձնապես չէի կարևորում էդ պահը: Մենակ հիշում եմ, որ միշտ ուրախ աչքերով եմ նայել գնացողներին, որովհետև իրանք իրանցը ծառայել են արդեն :)
Հաջորդ զորացրումը համընկավ օտպուսկիս հետ: Էդ ժամանակ շատ հարազատ մարդիկ կային ու եղան շատերը, որ հենց Նոր տարուց առաջ գնացին` ամսի 30-ին, նենց որ հասցրեցի տեսնել: Էդ տարվա դեկտեմբերի 29-ի երեկոն ծառայությանս ամենահիշվող պահերից կլինի...Մշտական տեղակայման վայրում մնացած դեմբելների մոտ էինք գնացել: Նստած էինք, գնացող տղերքից մեկը մտածում էր մեզ ինչ թողի: Քաղաքացիական շորերն էր ցույց տալիս, որոնցով պիտի տուն գնա...Նկարվում էինք, սաղս սաղի համարները գրում:
Գիտե՞ք, էն զգացողության մասին, որ չեն ուզում ուվալնյատ լինեն: Իրոք, դեռ տենց դեմբել չեմ հանդիպել, որ գոնե մի անգամ չասի` «բայց ուզում եմ մնամ»: Շատ բաների հետ ա էդ կապված...Լիքը ընկերներ ա տալիս բանակը, ծանոթներ, ում կարողա էլ չտեսնես երբեք: Լիքը հիշողություններ` թե՛ պոլկի, թե՛ պոստերի հետ կապված: Մանավանդ, որ մեր պոլկը ոնց որ փոքր քաղաք լինի:
Ամեն անկյանը նայելով` մի բան հիշում ես:
Նույնիսկ ես, որ 7.5 ամսվա ծառայող եմ, արդեն լիքը լավ ու վատ հիշողություններ ունեմ:
Հետո տուն գնալու մեջ էլ դժվարություններն կան... Ամենադժվարն էն ա, որ գնում ես քո հին կյանք` բայց ավելի մեծ պատասխանատվությամբ:
Արդեն պիտի մտածես կյանքդ կառուցելու մասին` գործ գտնել, հետո ընտանիք, տենց բաներ...
Կյանքիդ ինչ-որ չափով անհոգ մասն ավարտվում ա, բայց դե մեկ ա` զորացրվելը համ էլ շատ հաճելի ա :)
Մեր նախկին հրամանատարը մի անգամ հիշարժան հրաման ա տվել մի պատոկի ուվալնյատի ժամանակ:
Տրիբունայի դիմաց շարված են եղել դեմբելները, պլացից աջ էլ` ճանապարհին, արդեն «Ֆորդերն» էին կանգնած:
Ասել ա` «Հավսար, զգա՛ստ. աջ դա՛րձ դեպի հայրենական օջախներ, վազքով մա՛րշ» :)
Մեկ էլ հիշում եմ, մեր զորացրվող ընկերների գնալուց առաջ` նախորդ գիշերը պլացում երեկոյան զբոսանք էինք անցկացնում: Զորացրվողները վերջին անգամ էին շարքն ուղեկցում:
Ուրախ էին, ժպտում էին ու այ տենց շարային մենք վաղուց չէինք քայլել: Մի խոսքով... :)
Շարունակելի...
ՀԳ. Հեղինակի, ինչպես նաև հրապարակված այլ անուններ` փոխված են:
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի